Կամո Հովհաննիսյան. Մենք Իսպանիայի, Բրազիլիայի հավաքականը չենք, որ կարգի հաշվին դուրս գանք ու հաղթենք

19:15 07.09.2019

Իտալիայի հավաքականի հետ խաղում (1-3), տրիբունաները մի քանի անգամ բավականին երկար վանկարկեցին այս ֆուտբոլիստի անունը: Հետխաղային ասուլիսի ժամանակ նրա արագացումների մասին խոսեց անգամ Ռոբերտո Մանչինին: 

Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց նաև Կամո Հովհաննիսյանը:

- Սարևոյում կայացած խաղից հետո ասացիր, որ մեզ պակասեց հավատը, բայց հետո հավատը մեծապես վերականգնվեց: Ինչպե՞ս դա ստացվեց, որքանո՞վ ենք պատրաստ վաղվա խաղում հաղթանակի հասնելու համար:

- Ստացվեց այնպես, որ ունեցանք հաջող հանդիպումներ, որոնք մեզ ավելի օգնեցին հավատալ, որ կարող ենք հաղթել: Նվիրվեցինք, համախմբվեցինք ամբողջ թիմով, մեծ աշխատանք կատարեցինք, որի արդյունքում էլ եղան այն հաղթանակները: Ճիշտ է՝ վերջին խաղում պարտվեցինք Իտալիային, բայց շատ մեծ աշխատանք կատարվեց: Վաղվա շանսերը կգնահատեմ 50/50: Մենք էլ ենք խաղադաշտ դուրս գալու միայն հաղթանակի համար:

- Իտալիայի հետ խաղում մեծ աշխատանք կատարեցիք: Արդյոք ամբողջովին վերականգնվե՞լ եք այդ խաղից հետո:

- Ես ինձ հիմա շատ լավ եմ զգում: Խաղը ցույց կտա, թե որքանով եմ հասցրել վերականգնվել:

- Վաղվա խաղում ո՞րն է լինելու մեր ընտրանու հաղթաթուղթը:

- Այսպես ասեմ՝ մեր հավաքականը Իսպանիայի հավաքականը չէ, Բրազիլիայի հավաքականը չէ, որ կարողանա կարգի հաշվին դուրս գալ ու հաղթել ցանկացածին: Դրա համար մենք դրանք փոխարինում ենք այլ հատկանիշներով: Այդ նույն հավատը, որի մասին խոսեցինք, ավելի շատ դերակատարում ունի, քան կարգը: Աշխատանքը, նվիրվածությունը, ամբողջ թիմով մի նպատակի համար խաղալը, մեկը մյուսի փոխօգնելը կտա իր արդյունքը:

- Իտալիայի հետ խաղը շատ էմոցիաներ խլեց: Արդյոք հնարավո՞ր է եղել էմոցիոնալ առումով վերականգնել թիմին ու տրամադրել, որ նույն ագրեսիվությամբ ու ցանկությամբ նաև առաջիկա խաղին դուրս գաք:

- Թիմում հիմա շատ լավ մթնոլորտ է: Ճիշտ է՝ պարտվել ենք, բայց ոչ մեկս գլուխը չի կախել ու նստել՝ մտածելով. «Վայ, էս ինչ էղավ, պարտվեցինք Իտալիային, սենց չպիտի լիներ»: Այդպիսի մտքեր չկային: Բոլորս հասկանում ենք, որ առջևում խաղ ունենք, ու բոլորս մեկ մարդու պես պրոֆեսիոնալ պատրաստվում ենք վաղվա խաղին:

- Ի՞նչն էր պակասում Ձեր արագացումներից հետո եզրափակիչ փուլում ավելի արդյունավետ լինել: Միգուցե նման արագացումներից հետո վերջին պահին հոգնածությո՞ւնն էր խանգարում:

- Մրցակիցն էր խանգարում (ծիծաղում է՝ խմբ.): Արդեն թիմն էլ էր շատ մեծ աշխատանք տարել, ու մեկ-երկու հոգով գրոհելը Իտալիայի պես հավաքականին, որն այդ րոպեներին ավելի թարմ էր… Նրանք էլ հասցնում էին նահանջել: Այնպես չէր, որ նրանք նայում էին իմ հետևից ու ասում էին՝ «Լավ, թե գնա»: Այդպես չէր: Բոլորով նահանջում էին, փորձում էին գնդակ խլել: Մի անգամ ես անցա ու փոխանցեցի Մխիթարյանին, բայց նրա հարվածը պաշտպանը փակեց: Երկրորդ դրվագում, ճիշտն ասած, չէի նկատել Գևորգ Ղազարյանին: Եթե նկատեի, միանշանակ, փոխանցում կկատարեի:

- Եզրային ձախ եզրային պաշտպանի դիրքում խաղացիր: Աարդեն հարմարվե՞լ ես այդ դիրքին, թե՞ դեռ ժամանակ է պետք:

- Արդեն լիարժեք հարմարվել եմ: Տարբեր թիմերում, տարբեր տարիքային թիմերում ինձ ամեն անգամ օգտագործել են աջից, ձախից, ու հիմա լիարժեք հարմարվել եմ ձախ եզրում խաղալուն: Ընդհանուր առմամբ ֆունկցիաները նույնն են: Միայն աշխատող ոտքի տարբերությունն է, որը ես փորձում եմ աստիճանաբար բարելավել:

Share |

Լրահոս

Loading...