Արմեն Գյուլբուդաղյանց. Մխիթարյանն իսկական առաջատարի պես տարավ թիմին իր հետևից

19:23 08.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի՝ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած 4-2 հաշվով կարևոր հաղթանակից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր տպավորություններն ու կարծիքի փոխանցեց լրագրողներին.

- Արդեն ուզում էինք փոփոխություն անել դաշտի կենտրոնում: Տեսաք, որ 10 րոպե մեզ ճնշում էին: Մտածում էինք՝ Հովսեփյանին փոխարինել, թե՞ Կառլենին: Կառլենին հարցրինք, ցանկություն հայտնեց փոխարինվելու:

- Շատ ուրախ եմ, որ տղաների այս մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ցանկությունը, մեր ժողովրդի աջակցությունը չկորավ:

- Տղաները հանդերձարանում էլ մեկը մյուսին ոգևորում էին, ասում էին, որ այսպիսի խաղերում պետք է իրենք իրենց բնավորությունը ցույց տան: Ու ստացվեց:

- Ֆինլանդիայի հետ խաղին դեռ ժամանակ կա: Կվերլուծենք նրանց խաղը: Անպայման ամեն ինչ հաշվի ենք առնելու: Եթե նկատել եք՝ վերջին երկու-երեք խաղը նույն մարտավարությամբ ենք խաղում: Կփորձենք ավելի բարելավել:

- Իտալիայի հետ խաղում Արամն արդեն լրացրել էր խաղային պրակտիկայի բացը: Նա այդ խաղում էլ մի քանի դրվագում մեզ փրկեց: Ես Արամին հավատում եմ: Մյուս դարպասապահներին ևս հավատում եմ: Ապրի Արամը, եթե այսօր չփրկեր, չէինք կարողանա հաղթել:

- Կամոն մարտիկ է, ինչ ցավ էլ ունենա, ասում է՝ չի ցավում: Դեռ չգիտեմ՝ ինչ վնասվածք է: Եզրերից փոխանցումների էպիզոդներում կաղում ենք, կորցնում ենք ուշադրությունը տուգանային հրապարակում:

- Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը:

- Մենք հիմա արդեն պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք ուղեգրի համար պայքարին: Բայց մենք նախ պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Դրանից հետո միայն կհաշվենք միավորները:

Share |

Լրահոս

Loading...