Հավաքականի խաղի էմոցիաներից մինչև Նյու Յորք․ Ի՞նչ էին ցուցադրելու, եթե հաղթեի ես

16:18 09.09.2019

Սեպտեմբերի 9-ն է, օրը՝ երկուշաբթի։ Ժամացույցին նայելիս նշմարում ես, որ արդեն գիշերվա կամ, ո՞վ գիտե, առավոտվա 5-ն է։ 21-րդ դարում դա մի փոքր բարդ է որոշելը, չէ՞ որ կյանքի բերումով դու կարող ես այդ ժամին նոր միայն քնել, այլ ոչ թե արթնանալ։ Լուսամուտից նայելիս էլ տեսնում ես, որ Երևանում արդեն սկսվում է լույսը բացվել, սակայն ոչ շատ արագ տեմպերով։

Նախորդ երեկոն անվերջանալի էմոցիոնալ է եղել Արգիշտի Առաջինի կառուցած քաղաքում։ Ինչու՞։ Հավաքականն է հաղթել, ու այն էլ «աննորմալ» էմոցիոնալ խաղում։ Էմոցիաներ գրեթե չկան, չկային անգամ 4-րդ գոլի ժամանակ, բոլորս հյուծված էինք։ Ու արդեն առանց բղավելու միայն ձեռքներս էինք վեր պարզում՝ հասկանալով, որ հաղթել ենք։

Այդ դեպքում ինչու՞ դեռ քնած չէ այդ հյուծված երկրպագուն, երբ ժամը 5-ն է։ Ամեն բան պարզ է։ Էմոցիաների մի մեծ չափաբաժին էլ պետք էր թողնել Նյու Յորքում, որտեղ ընթանում էր US Open-2019-ի վերջին խաղը․․․

Առհասարակ օրը չափից դուրս էմոցիոնալ ստացվեց սպորտային աշխարհում։ Հայաստանի հավաքականը իսկապես հիասքանչ հաղթանակ տարավ, Ֆորմուլա-1-ում Շարլ Լեկլերը «Ֆերարիի» կազմում հաղթեց Իտալիայի Գրան-Պրին։ Վերջին շրջանից հետո նա այնպես էր բղավում, որ կարծես Հովհաննես Համբարձումյանի գոլն էր տեսել Մոնցայից։ Դե իսկ սպորտային խելահեղ օրը պատմության էջերում եզրափակեցին Ռաֆայել Նադալն ու Դանիլ Մեդվեդևը։

Եթե լինեմ անկեղծ, այս երկու շաբաթները ամփոփելը իսկապես բավականին դյուրին է։ Կանանց մենախաղում Ամերիկայի բաց առաջնությունը ունեցավ նոր չեմպիոնուհի։ 19-ամյա կանադուհի Բիանկա Անդրեեսկուն կոտրեց այն կարծրատիպը, թե կանադացիները միայն լավ հոկեյ են խաղում։ Ավելի վաղ այդ կարծրատիպի վրայով անցել էին նաև «Տորոնտո Ռեպտորսի» տղաները, ովքեր հաղթել էին NBA-ում։

Վերադառնալով թենիսին՝ նշենք, որ Բիանկա Անդրեեսկուն առաջին կանադացին է, ով հաղթում է Grand Slam-ում։ Նա իր կյանքում առաջին անգամ էր խաղում Flushing Meadows-ում ու, խնդրեմ, եզրափակչում նա հաղթեց մեծագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին։

37-ամյա ամերիկուհին արդեն չորրորդ անընդմեջ եզրափակիչն է պարտվում Major-ներում։ Սերենան մայրանալուց և դրանից հետո կորտ վերադառնալուց հետո այդպես էլ չի կարողանում հաղթել GS-երի եզրափակիչներում։ Նա լուրջ հոգեբանական խնդիրների է առերեսվում գլխավոր խաղերում։ Ինչու՞։ Իսկապես բարդ է ասելը։

Կանանց մենախաղում չտպավորեց ո՛չ Սիմոնա Հալեպը, ո՛չ Էշլի Բարտին, ո՛չ էլ նախորդ տարվա չեմպիոնուհի Նաոմի Օսական։ Վերջինս խաղերից մեկում հաղթեց 15-ամյա Կորի Գաուֆին։ Այդ օրը «Արտուր Էշում» լացում էր ոչ միայն պարտված Կոկոն, այլ նաև Նաոմին։ Նրանց նայելով՝ հասկանում ես, որ կանանց թենիսի ապագան ապահով ձեռքերում է։

Ուիմբլդոնի հետքերը Նյու Յորքում

Ուիմբլդոն-2019-ի տղամարդկանց եզրափակիչը կոտրել էր բոլորին։ Սա վերաբերում է նաև նրանց, ովքեր երկրպագում էին Ջոկովիչին այդ օրը։ Իսկապես բարդ է նման խաղից հետո վերականգնվելը թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Ժամանակը ցույց տվեց, որ երկու կոմպոնենտներում էլ թե՛ Ջոկովիչը, թե՛ Ֆեդերերը իդեալական վիճակում չէին։

Մեծ հաշվով Նովակը դուրս մնաց ֆավորիտների շարքից արդեն երկրորդ շրջանում, երբ Խուան Իգնասիո Լոնդերոյի հետ խաղում ձախ ուսի վնասվածքը սկսեց զգացնել տալ իրեն։ Նովակը հաղթեց այդ խաղը, բայց երևում էր, որ կարգով բարձր մրցակցի առերեսվելու դեպքում սերբի շանսերը շատ չեն։ Այդպես էլ եղավ։ 1/8-ում Նոլեն հանդիպեց Ստեն Վավրինկային։ 2016-ի US Open-ի չեմպիոնը հաղթեց երկու սեթ, իսկ երրորդում Նովակը հասկացավ, որ խաղալ շարունակելը կարող է իսկապես բացասաբար ազդել վնասվածքի վրա ու հրաժարվեց պայքարից։

Բարդ մտավ մրցաշարի մեջ նաև Ռոջեր Ֆեդերերը։ Մեկնարկային երկու խաղերում մեկական պարտված սեթ։ Հետո ջախջախիչ հաղթանակներ Դենիել Էվանսի և Դավիդ Գոֆենի նկատմամբ, ու բոլորը Նոլեի վնասվածքի ֆոնին Ֆեդերերին համարեցին գլխավոր ֆավորիտը։ Քառորդ եզրափակչում Ռոջերը խաղում էր Գրիգոր Դիմիտրովի հետ։ Առաջին սեթից երևում էր, որ շվեյցարացու խաղում ինչ-որ մի բան այն չէ։ 38-ամյա լեգենդը պայքարեց երեք ժամ ու պարտվեց 5 սեթում։ Խաղից հետո պարզ դարձավ, որ Ռոջերը խաղում էր մեջքի վնասվածքով:

«Սա Գրիգորի պահն էր, ու իմ մարմնի պահը չէր։ Հիասթափված եմ, բայց պետք է ընդունես պարտությունը, այն մեր խաղի մի մասն է։ Ես ունեմ ցավեր հիմա, բայց ես շուտով կվերադառնամ»,-ասաց Grand Slam-երի 20-ակի հաղթողը դառը պարտությունից հետո։

Բեկումնային Grand Slam տղամարդկանց մենախաղում

US Open-ը ֆանտաստիկ էր NewGen-ի համար։ Այո՛, նոր սերունդը վերջապես փայլեց նաև Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Բավականին հետաքրքիր ուղի անցավ Դանիլ Մեդվեդևը։ Ռուս թենիսիստը մինչ եզրափակիչ հասնելն ու Նադալի հետ մոտ 5 ժամ կռիվ տալը ամենաբարդ ճանապարհներով էր անցել։

Նախ նա վնասվածք ուներ մրցաշարի մեկնարկում։ Հետո խաղերից մեկում սրբիչը շպրտեց ball boy-ի ձեռքից ու «fuck» ցույց տվեց իրեն սուլող երկրպագուներին։ Եթե հիշում եք, խոսել ենք, որ Նյու Յորքի հանդիսատեսը տարբերվում է բոլորից։ Նրանք այս ամենը չէին հանդուրժում։

«Դու՛ք բոլորդ ինձ աներևակայելի էներգիա եք տալիս։ Երբ դուք երկրպագում եք իմ դեմ, ես սկսում եմ հաղթել»,-ասաց Մեդվեդևը խաղերից մեկի ավարտից հետո՝ հարցազրույցի ընթացքում նայելով «ամբոխին» ու ավելի բորոբեքելով իրավիճակը։

Եթե թողնենք այս փոքրիկ սկանդալը, որը ի վերջո ավարտվեց նրանով, որ ատելությունից սեր ծնվեց Նյու Յորքի հանդիսականների մոտ 23-ամյա ռուս թենիսիստի հանդեպ, ապա պետք է փաստենք, որ Մեդվեդևը ֆանտաստիկ թենիս խաղաց ողջ մրցաշրջանի ընթացքում։ Նա անկասկած լավագույն երիտասարդ թենիսիստն է ներկա պահին մոլորակի վրա։ Նա լավն է Ցիցիպասից, Զվերևից, Խաչանովից։ Մեդվեդևը մեծ շանսեր ունի գալիք տարի Grand Slam հաղթելու։ Գերազանց մրցաշար անցկացրեց նաև Մատեո Բերետինին։ 23-ամյա իտալացին հասավ կիսաեզրափակիչ ու պարտվեց Ռաֆա Նադալին։

19 Slam․ «Ի՞նչ էին ցուցադրելու, եթե հաղթեի ես»

Գանք եզրափակչին։ Ռաֆայել Նադալը հասել էր եզրափակիչ բավականին հեշտությամբ։ Արդարության համար պետք է նշենք, որ Ռաֆան ճանապարհին լուրջ մրցակիցներ չէր ունեցել։ Մարին Չիլիչը իր լավագույն վիճակում չէ, իսկ Դիեգո Շվարցմանին ու Բերետինիին Նադալը հաղթեց փորձի ու հոգեբանական առավելության շնորհիվ։

Եզրափակիչ հանդիպումը իսկապես պատմական էր։ Առաջին երկու սեթը Նադալը վերցրեց 7-5, 6-3 հաշվով։ Երրորդ սեթում Դանիլը break down կարգավիճակում էր, ու թվում էր ամեն ինչ ավարտված է։ Այն ինչ, ամեն բան դեռ նոր էր սկսվում։ Խելահեղ կամքի դրսևորում ու Մեդվեդևը վերցրեց երրորդ ու չորրորդ սեթերը 7-5, 6-4 հաշվով։ Խաղը տեղափոխվեց վճռորոշ սեթ։ Կարծես թե, թենիսիստները որոշել են ամեն եզրափակչից հետո «կաթվածահար» անել երկրպագուներին։

Անկեղծ ասած, երբ մոտենում էր ժամը 5-ը, ես մտածում էի, որ Նադալը չի դիմանա։ Նա իսկապես ծանր էր տեղաշարժվում կորտում, դե արդեն 33 է, բայց, ո՛չ։ Նադալը խաղարկեց մի շարք break point-եր ու հաղթելով մրցակցի մատուցման երկու գեյմ՝ հաղթում էր 5-2 հաշվով։ Թվում էր՝ վերջ։ Մեկ րոպե։ Ո՛չ։ Դանիլը հետ եկավ նորից, տվեց վերջին ուժերը, ու 5-4։ Այս անգամ իսպանացի «գազանը» մռնչաց վերջին անգամ ու վճռական։

Նադալը հաղթեց ու տարավ կարիերայի 19-րդ Grand Slam-ը։ Նրան ընդամենը 1 սաղավարտ է բաժանում Ֆեդերերից, որը 20 անգամ է հաղթել։ Ամենաէպիկ պահը «Արտուր Էշում» այն էր, երբ խաղի ավարտի ու մրցանակները հանձնելու արարողության միջև ընկած ժամանակահատվածում Նյույորքյան մեծ լույսերի ներքո էկրաններին հայտնվեցին Նադալի բոլոր 19-ը Slam-երը, սկսած 2005-ի փարիզյան տրիումֆից։ Ռաֆան արտասվեց։

Մրցանակները ստանալու պահին, երբ խոսքը տրվեց Դանիլին, ռուս թենիսիստը ասաց հետևյալը․ «Ռաֆա՛, սա ֆանտաստիկ է, 19 Slam: Նայում էի ու մտածում․ «1, 2․․․19։ Լա՜վ, ի՞նչ էին ցուցադրելու, եթե այսօր հաղթեի ես»,- օրեր առաջ Դանիլին անվերջ սուլող «ամբոխը» պայթեց ու աջակցեց ռուս թենիսիստին, քանզի րոպեներ առաջ նա ևս մեկ անգամ ներողություն էր խնդրել իր որոշ սխալների համար, որոնք եղել էին մրցաշարի ընթացքում։

Ու այսպես, լուսաբաց էր արդեն Երևանում, ու ես հասկանում էի, որ ի վիճակի չեմ լինելու արթնանալ ու խցանումների միջով հասնել համալսարան կրծելու գիտության գրանիտը, քանզի էմոցիա այլևս չկար, սպորտային հագեցած օրվա ավարտը, ոմանց արդեն հաջորդ օրվա սկիզբն էր․․․

Արամ Սահակյան

Share |

Լրահոս

Loading...