Մխիթարյանը համաձայնել է աշխատավարձի նվազեցման՝ հանուն խաղաժամանակ ստանալու․ Ռոմայի մարզական տնօրեն

20:38 10.09.2019

«Ռոմայի» մարզական տնօրեն Ջիանլուկա Պետրակին խոստովանել է, որ իրենք շատ հպարտ են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար․

«Ուրախ ենք ներկայացնել Միքիին։«Ռոմայում» բոլորի անունից կցանկանայի նշել, թե որքան ուրախ և հպարտ ենք համաշխարհային մակարդակի մեկ այլ խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։ Վստահ եմ, որ նրա փորձառությունը, տեխնիկական ունակությունները և ինտելեկտը կբարելավեն մեր կազմի մակարդակը։

Կանենք լավագույնը՝ աջակցելու ֆուտբոլ խաղալու իր ցանկությանն ու ապահովելու նրան մոտիվացիայով, սիրով ու ջերմությամբ, որի կարիքը բոլոր խաղացողներն ունեն։ Կարծում եմ՝ «Ռոմայի» երկրպագուները ցույց կտան իրենց սերն այս խաղացողի հանդեպ»,- ասել է Ջիանլուկա Պետրակին՝ Մխիթարյանին լրագրողներին ներկայացնելուց հետո։

«Ռոմայի» մարզական տնօրենը նաև հայտնել է, որ Մխիթարյանը, հանուն իտալական թիմ տեղափոխվելու, համաձայնել է ավելի ցածր աշխատավարձի, քան ստանում էր «Արսենալում»․

«Երբ նրան վարձակալելու հնարավորություն ստացանք, օգտվեցինք դրանից։ Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, համաձայնեց ավելի ցածր աշխատավարձի՝ խաղալու հնարավորություն ունենալու համար։ Մենք ունենք մեր բյուջեն ու ֆինանսական պայմանները, և պետք է տեղավորվենք դրանում»,- ասել է Ջիանլուկա Պետրակին։

Հիշեցնենք՝ Մխիթարյանն այսօր իր առաջին մարզումն է անցկացրել իտալական թիմի կազմում, որի շարքերը համալրել էր սեպտեմբերի 2-ին՝ վարձակալությամբ տեղափոխվելով «Արսենալից»։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։

Share |

Լրահոս

Loading...