Տարխանով․ Սիչյովը դեռ պատրաստ չէ օգնել Փյունիկին

19:49 10.09.2019

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը «РБ-Спорт»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում ռուս հարձակվող Դմիտրի Սիչյովը։ 35-ամյա հարձակվողը հայկական ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով՝ 1+1 ձևաչափով պայմանագիր կնքելով «Փյունիկի» հետ․

«Նա դեռևս պատրաստ չէ, այն մարզավիճակում չէ, որ դուրս գա խաղադաշտ։ Վերջերս էլ թեթև վնասվածք էր ստացել։ Այնպես, որ ուրբաթ օրը դաշտ դուրս չի գա։ Նրան պետք է պատրաստել։

Նրան թիմ հրավիրեցինք՝ հաշվի առնելով խաղալու այն մեծ ցանկությունը, որ ունի։ Կպատրաստենք, հետո կտեսնենք՝ կկարողանա՞ արդյոք իր նախկին մակարդակին հասնել»,- ասել է Տարխանովը։

Ռուս հարձակվողը նախկինում հանդես է եկել Տամբովի «Սպարտակում», Մոսկվայի «Սպարտակում», Մարսելի «Օլիմպիկում», Մոսկվայի «Լոկոմոտիվում», Մինսկի «Դինամոյում», Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», Կոկշետաուի «Օկժետպեսում» և Մոսկվայի «Կազանկայում»:

Հիշեցնենք՝ «Փյունիկը» 4 խաղից հետո 6 միավոր է վաստակել և Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին, երևանյան թիմն առաջնության 6-րդ տուրի շրջանակում կմրցի «Ալաշկերտի» հետ։

Share |

Լրահոս

Loading...