Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար դժվար ժամանակներ էին. ուրախ եմ, որ այստեղ եմ (թարմացված)

15:24 10.09.2019

Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս տվեց որպես իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ:

«Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին: Ուստի, հիմա նոր արկածներ եմ սկսում: Իհարկե, գիտեմ՝ ուր եմ եկել, գիտեմ՝ թիմն ինչի համար է խաղում, ինչ նպատակներ ունի ու կանեմ առավելագույնը, որ օգնեմ թիմին հասնել այդ նպատակներին: Այսօր առաջին անգամ եմ հանդիպել թիմակիցներիս, մարզչին: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Կարող եմ ասել, որ այս թիմը փայլուն ապագա ունի»,- ասաց Մխիթարյանն ու պատասխանեց լրագրողների հարցերին.

  • Կարող եմ խաղալ հարձակման  բոլոր կողմերում: Չեմ կարծում՝ մեծ տարբերություն կա աջից կամ ձախից խաղալու միջև, որովհետև վերջում գալիս ես կենտրոն: Իմ խաղն այդպիսին է. սկսել եզրից, բայց գալ կենտրոնական մաս: Այսպիսով, կարծում եմ՝ իմ որակներով օգտակար կլինեմ թիմին ու մարզչին:
  • Իտալիայի հավաքականի հետ խաղին զրուցել եմ Ֆլորենցիի հետ թե՛ «Ռոմայի», թե՛ հավաքականների խաղի մասին: Նույնը՝ Ջեկոյի հետ: Ազգային հավաքականների խաղերն արդեն հետևում են, պետք է կենտրոնանանք «Ռոմայի» վրա:
  • Ազգային հավաքականում ես հարձակվողի հետևում եմ խաղում, շատ տարածություն եմ ունենում շարժվելու համար: Բայց վերջում պետք է աշխատեմ ավարտին հասցնել գրոհները: Իմ նախկին ակումբներում՝ «Արսենալում» ու ՄՅՈՒ-ում, իմ դերը մի փոքր այլ էր. փրձում էի խաղը կառուցել հետևից՝ կիսապաշտպանական գիծը միացնելով հարձակվողականին: Գուցե, շատ գոլեր չխփելուս հիմնական պատճառը դա էր: Ընդհանրապես, փորձում եմ լավագույնն անել գոլ խփելու կամ փոխանցում անելու համար, որովհետև դրանք այն բաներն են, որոնցից ես հաճույք եմ ստանում:
  • «Շախտյորի» խաղին հետևել եմ ՉԼ-ում:Նրանք խաղը շատ մանրամասն էին վերլուծում: Դիտել եմ խաղը. շատ տպավորիչ ֆուտբոլ էին խաղում:  Ինձ ամենից շատ տպավորեց այն, որ «Շախտյորը» հարձակվողական ֆուտբոլ էր խաղում մեծ թիմերի դեմ , նրանց դեմ չէին վախենում հարձակվել ու իրենց ֆուտբոլը ցույց տալ: Հույս ունեմ, որ Ֆոնսեկան նույնը կբերի «Ռոմա» ու մենք կկարողանանք ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ ու ուրախացնել մեր երկրպագուներին:
  • «Ռոմայի» երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել Ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ես նույնպես ուրախ էի, բայց ինչպես արդեն ասել եմ՝ հիմա կենտրոնացած եմ «Ռոմայի» խաղերի վրա, որը նոր է ինձ համար: Առավելագույնը կանեմ, մինչև վերջ կպայքարեմ այս ակումբի համար: Չեմ վախենում ճնշումից, որովհետև ֆուտբոլ սկսել եմ խաղալ ճնշման տակ ու մինչև հիմա ճնշման տակ եմ: Եթե դու մեծ ֆուտբոլիստ ես, մեծ թիմերում ես խաղում, նշանակում է, որ ճնշման տակ ես լինելու, բոլորը հետևելու են քո յուրաքանչյուր քայլին: Եթե լավ բան անես, կամ սխալվես, նրանք գովելու են քեզ, կամ քննադատեն: Եփե ֆուտբոլ ես խաղում, պիտի պատրաստ լինես քննադատության: Եթե մեծ թիմում ես խաղում ևս պետք է պատրաստ լինես դրան: Ես հենց դա եմ անում:  Չեմ վախենում քննադատությունից: Ես 30 տարեկան եմ, գիտեմ ինչպես տանել դրանք, ինչպես խաղալ, ինչպես վարվել: Ես ընդունում եմ ամեն ինչ: «Ռոման» ընտրել եմ, որովհետև այն հիանալի հնարավորություն էր ինձ համար: «Ռոմա» տեղափոխությունս ստացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Զանգ եմ ստացել գործակալիցս, որն ինձ ասել է այս հնարավորոթւյան մասին:  Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել գործակալիս հետ, ուղղակի եկել եմ այստեղ՝ օգնելու թիմին հասնելու իր նպատակներին ու վայելելու ֆուտբոլը:
  • Ես հեռացել եմ Անգլիայից ու եմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից:
  • Պահեր են լինում, որ VAR համակարգն անհրաժեշտ է, բայց պահեր կան, որ ոչ: Երբեմն այն սպանում է ֆուտբոլը: Այն ստիպում է սպասել, ձանձրանալ: Ֆուտբոլը չպետք է կորցնի իր հետաքրքրությունը: Գոլ ես անում, տոնում այն, իմաստը ո՞րն է սպասելու, տեսնելու արդյոք գոլ կա՞ր: Էմոցիաներն այլևս նույնը չեն լինի: Հայաստան-Իտալիա խաղի դրվագի մասին խոսելով՝ չգիտեմ, եթե VAR համակարգն օգտագործեին, գուցե, կարմիր քարտ չլիներ, բայց դա մրցավարի որոշումն է, այն անցյալում է արդեն: 
  • Չեմ կարող ասել՝ ինչու «Արսենալը» բաց թողեց ինձ: Ես նրանց ղեկավարությունից չեմ: Բայց դա նաև իմ ցանկությունն էր, որովհետև գիտեի, որ շատ չեմ խաղալու ու հավանաբար, նստելու էի պահեստայինների նստարանին՝ ինչպես վերջին խաղերում ու որոշեցի փոխել ակումբս, գալ «Ռոմա»: Այստեղ շատ խաղեր կանցկացնենք ու կարծում եմ՝ խաղալու ավելի շատ հնարավորություն կունենամ: «Արսենալի» համար ինձ վարձակալության տալու որոշում կայացնելը հեշտ չէր, բայց «Ռոմայի» ղեկավարության շնորհիվ տրանսֆերների վերջին օրը գործարքը հաջողվեց: Նրանք ինձ հնարավորություն տվեցին ցույց տալու, որ կարող եմ օգնել թիմին:
  • Թուրքիայում խաղալու ոչ մի խնդիր չեմ ունենալ, մենք այնտեղ խաղեր անցկացրել ենք: Հայաստանի համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնը չեն: Այո, Թուրքիայի հետ կապված հին պատմություն կա, բայց այնտեղ մարդիկ մոռացել են դրա մասին: Թուրքիայում խաղալու հետ կապված ոչ մի խնդիր չեմ ունեցել երբեք ո՛չ հավաքների, ո՛չ եվրագավաթների ժամանակ: Ոչ մի խնդիր չի լինի այնտեղ:
  • Երբ առաջին անգամ ժամանեցի Գերմանիա, Անգլիա, ավելի երիտասարդ էի, քան հիմա: Կարծում եմ՝ ինձնից է կախված, թե ինչպես կինտեգրվեմ այս միջավայրին:

  • Վաղն իմ առաջին մարզումային օրը կլինի: Ես ջանասիրաբար կաշխատեմ ու ցույց կտամ, որ կարող եմ օգնել թիմին: Ես այստեղ չեմ եկել ժամանակ վատնելու համար:
  • Մինչև առաջիկա հանդիպումը դեռ հինգ օր կա: Մարզիչը ինքը կորոշի՝ թողնել ինձ պահեստայինների նստարանին, թե դաշտ դուրս բերել:
  • Մրցաշրջանը նոր է սկսվում, և մենք պետք է գործենք քայլ առ քայլ, սակայն ես վստահ եմ, որ այս կարգավիճակի ցանկացած ֆուտբոլիստ ունի նպատակներ, և այն ֆուտբոլիստները, ովքեր մարզվում են ու խաղում են այս ակումբում, պարզապես չեն խաղում, այլ ցանկանում են  ինչ-որ բան նվաճել.Վերջում բոլորը հիշում են, թե դու ինչ ես նվաճել: Ոչ ոքի չի հետաքրքրում, որ դու լավ խաղացիր, բայց ոչինչ չհաղթեցիր: Իմ կարիերայում ես միշտ ձգտել եմ  նվաճումների հասնել և վստահ եմ, որ իմ և «Ռոմայի» նպատակները համընկնում են: Ճիշտ է, «Ռոման» ընդամենը երկու խաղ է անցկացրելայս մրցաշրջանում, սակայն քայլ առ քայլ մենք կտեսնենք, թե ուրենք հասնում:
  • Ամեն մարզիչ տարբեր է: Յուրաքանչյուրն ունի իր փիլիսոփայությունը: Մարզիչներ կան, որոնք հարձակվողական ֆուտբոլ են խաղում, ոմանք՝ պաշտպանողական, որոշները սիրում են հակագրոհներով խաղալ: Ես շատ բան եմ սովորել նրանցից: Ես 30 տարեկան եմ և անընդհատ սովորում եմ: Հույս ունեմ, որ շուտով նաև իտալերեն կսովորեմ, որպեսզի կարողանամ շփվել խաղընկերներիս հետ: Դա շատ կարոր է ադապտացվելու համար: Հույս ունեմ՝ մեկ ամսից իտալերենով իմ առաջին հարցազրույցը կտամ: Վստահ եմ, որ պարոն  Ֆոնսեկայից շատ բաներ կարող եմ սովորել և բացահայտել:
Share |

Լրահոս

Loading...