Դեպորտիվո.Ռոմանտիկ ֆուտբոլի ասպետները

12:55 12.09.2019

Մեր օրերում եվրոպական ակումբային ֆուտբոլը ունի ընդգծված առաջատարներ և հետնապահներ: Մեծ ակումբները հսկայական գումարներ են ծախսում նոր աստղեր ձեռք բերելու համար, ամրապնդում են կազմը և հաստատում են իրենց՝ գերակումբի կարգավիճակը: Արդեն մի քանի տարի է, ինչ Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական պայքարին մասնակցում է միայն երեք թիմ՝ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Ատլետիկո»: Իսկ կար ժամանակ, երբ չեմպիոնի հավակնորդները ամենևին էլ միայն այս երեքը չէին: 

1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Լա Լիգայում «Ռեալի» և «Բարսաելոնայի» հետ հավասարապես տոն էին տալիս «Դեպորտիվոն» և «Վալենսիան»: Լա Կորունյայի թիմը այսօր նույնիսկ Պրեմիերայում չի խաղում, իսկ 2000 թվականին նրանք գրավեցին Եվրոպայի ֆուտբոլասեր հասարակայնության սրտերը՝ իրենց ցուցադրած խաղով և հռչակվեցին Իսպանիայի չեմպիոն: Ինչ տեսք ուներ այդ ժամանակահատվածի  «Դեպորտիվոն», ովքեր էին գլխավոր դերակատարները և այս ռոմանտիկ թիմի «ճարտարապետը»՝ գլխավոր մարզիչը:

1999-2000 մրցաշրջանում «Դեպորտիվոն» վաստակեց 69 միավոր, և, 5 միավորով գերազանցելով երկրորդ և երրորդ տեղը կիսած «Բարսելոնային» և «Վալենսիային», հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Մրցակցությունը Իսպանիայում այս տարիներին շատ թեժ էր: Հետաքրքրական է, որ առաջատարը հինգերորդ տեղը զբաղեցրած «Ռեալ»-ին գերազանցում էր ընդամենը յոթ միավորով: Հաջորդ երեք մրցաշրջաններում ևս  թիմը պահպանեց իսպանական գրանդի կարգավիճակը և անընդմեջ հայտնվեց լավագույն քառյակում, պայքարելով չեմպիոնի կոչման համար

Գլխավոր մարզիչը. Խավիեր Իրուրետա

Այս խելահեղ հաջողության գլխավոր դերակատարը թերևս «Դեպորի» գլխավոր մարզիչն Իրուրետան էր, ով ժամանակին խաղացել է նույն թիմում և հասցրել է դառնալ նրա լեգենդներից մեկը: 1998 թ -ից գլխավորելով «Դեպորտիվոն», մասնագետը  շատ արագ կարողացավ յուրատեսակ փիլիսոփայություն որդեգրել և թիմը դնել իր ուրույն ուղու վրա: Իրուրետան նախապատվությունը տալիս էր տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստներին և հարձակվողական մարտավարությանը: «Դեպորը» երբեք երկար ժամանակով չէր խաղարկում գնդակը: Նրանք գործում էին արագ, հնարամիտ, և միշտ հարձակմանը միտված: 1999-2004 թթ Դեպորտիվոն մեկ անգամ դարձավ իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ էլ նվաճեց Իսպանիայի արքայական գավաթը, եզրափակչում պարտության մատնելով «Ռեալին» 2-1 հաշվով:

 

Առաջատար ֆուտբոլիստները.

Ջալմինյա

Այս ֆուտբոլիստը բրազիլական ֆուտբոլի ողջ փիլիսոփայության  հավաքական արտացոլումն էր «Դեպորտիվոյի» կազմում: Նա իր հնարքներով  և աճպարարական շարժումներով ուղղակի խենթացնում էր ֆուտբոլասերներին: Իրուրետան Ջալմինյային օգտագործում էր ենթահարձակվողի դիրքում՝ կենտրոնական հարձակվողի թիկունքում: Ջալմինյան տիրապետում էր նաև նուրբ փոխանցումների և  անկանխատեսելի լինելու շնորհիվ կարողանում էր գոլային գրոհներ կազմակերպել: Ընդհանուր առմամբ, Ջալմինյան «Դեպորտիվոյում» հանդես է եկել հենց «ոսկե» ժամանակաշրջանում և անցկացրած 137 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ:

 

 

Ռոյ Մակայ

Չեմպիոնական տարում «Դեպորտիվոյի» իսկական առաջատարն էր Ռոյ Մակայը: Հոլանդացի ֆուտբոլիստը 2000-2004 թվականներին համարվում էր եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը և ահ ու սարսափ էր տարածում մրցակից պաշտպանների վրա: Ռոյը կենտրոնական հարձակվողի համար ուներ բոլոր տվյալները: Ֆիզիկական ամրություն, արագություն, տեխնիկա, երկու ոտքով հրաշալի հարված, խաղ երկրորդ հարկում և, իհարկե, բարձր ինտելեկտ:1999-2000 մրցաշրջանում Մակայը 22 գոլի հեղինակ դարձավ, օգնելով իր թիմին հասնելու բաղձալի արդյունքին, իսկ 2002-2003 մրցաշրջանում դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու ՝ 29 գոլով, և գերազանցեց լեգենդար բրազիլացի Ռոնալդոյին: Ընդհանուր առմամբ Մակայը իսպանական ակումբի կազմում դարձել է 79 գոլի հեղինակ 129 խաղում:

 

Վալերոն

 

 

Խուան Կառլոս Վալերոնը իսպանական ակումբին միացավ չեմպիոնական մրցաշրջանից հետո: Սակայն դա չխանգարեց նրան դառնալ «Դեպորտիվոյի» իսկական լեգենդը: Մեր օրերում  խոսում են Չավիի, Ինյեստայի, Մոդրիչի մասին, սակայն 2000-ականների սկզբին հենց Վալերոնն էր համարվում դասաական հարձակվողական կիսապաշտպանի անգերազանացելի օրինակ: Նրա փոխանցումները, առանց գնդակի տեղաշարժերը ուղղակի հիացնում էին: Վալերոնը «Դեպորում» մնաց մինչև 2013 թ  և  դարձավ թիմի իսկական խորհրդանիշը՝ անցկացնելով 343 խաղ:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...