Ո՞ր ուժեղ հավաքականները կարող են չհայտնվել Եվրո-2020-ում․ ինչո՞վ նրանց կօգնի Ազգերի լիգան

19:15 12.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի Ազգային հավաքականը J խմբում 4-2 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։ Այդ հաղթանակը մեր ընտրանուն վերադարձրեց ուղեգիր ապահովող 2-րդ տեղի համար պայքարին։

Ընտրական փուլի ավարտն արդեն սարերի հետևում չէ։ Մնացել է անցկացնելու երկուական տուր հոկտեմբերին ու նոյեմբերին, ինչից հետո պարզ կդառնան Եվրոպայի առաջնության 24 մասնակիցներից 20-ը։ Եվս 4 տեղ կխաղարկվի փլեյ-օֆֆ-ում։ Ինչպիսի՞ ուժեղ հավաքականների է սպառնում Եվրո-2020-ից դուրս մնալու վտանգը և ինչպե՞ս նրանց կօգնի Ազգերի լիգան։ Վերհիշենք ընթացակարգը։

Ո՞ւմ կարող ենք չտեսնել Եվրոպայի առաջնությանը

Եվրո-2020-ի ուղեգրերը միանգամից ստանալու են որակավորման փուլի 10 խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները։ Եթե ընտրական փուլն ավարտվեր հենց այս պահին, ապա եզրափակիչ հատվածում կհայտնվեին Անգլիայի, Բելգիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Դանիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի հավաքականները։

Չնայած Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակի ընդլայնմանը՝ այս քսանյակում չէին հայտնվի եվրոպական բավականին հայտնի հավաքականներ, մասնավորապես՝ Հոլանդիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ավստրիայի ու Իսլանդիայի հավաքականները։ Բայց նրանք վերջին շանսի հնարավորություն ունեն։ Հայաստանի հավաքականը ևս մաթեմատիկորեն պահպանում է շանսերը 2-րդ տեղ բարձրանալու։ Մեր խմբում շատ բան կախված է նաև Իտալիայի հավաքականի ելույթներից։ Այս պահին Հայաստանի հավաքականն ընդամենը 3 միավորով է զիջում 2-րդ տեղում ընթացող Ֆինլանդիայի հավաքականին, որի հետ դեռ խաղ ունենք անցկացնելու։

Ինչպե՞ս են որոշվելու Եվրո-2020-ի ուղեգրի համար փլեյ-օֆֆ-ի մասնակիցները

Նրանք, ովքեր չեն կարողացել ուղիղ հայտնվել Եվրոպայի առաջնությունում, պետք է հաղթեն անցումային խաղերը։ Մնացած 4 ուղեգրերը խաղարկվելու են փլեյ-օֆֆում։ Դրա կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կկայանան 2020 թվականի մարտին։

Փլեյ-օֆֆի մասնակիցները կորոշվեն ոչ թե Եվրոպայի առաջնության ընտրական փուլի, այլ Ազգերի լիգայի նախորդ խաղարկության արդյունքների հիման վրա։ Փլեյ-օֆֆին կմասնակցի 16 թիմ՝ որոնք կբաժանվեն 4 խմբերի։ Քառյակների հաղթողները կմեկնեն Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։

Հիշեցնենք՝ Ազգերի լիգան կայացավ 4-ական խմբից կազմված 4 դիվիզիոններով։ Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլում առաջին խմբում կլինեն Ազգերի լիգայի A լիգայի բոլոր խմբերի հաղթողները, 2-րդում՝ B դիվիզիոնի խմբերի հաղթողները, 3-րդում՝ C դիվիզիոնի, 4-րդում՝ D դիվիզիոնի խմբերի հաղթողները։ Հայաստանի հավաքականը D դիվիզիոնի 4-րդ խմբում 10 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը, ուստի զրկված է փլեյ-օֆֆին Ազգերի լիգայի միջոցով մասնակցելու հնարավորությունից։

Ըստ էության, փլեյ-օֆֆի 4 խմբերը պետք է ունենային հետևյալ տեսքը՝

A լիգա – Հոլանդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Անգլիա

B լիգաՈւկրաինա, Շվեդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա

C լիգա – Շոտլանդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Սերբիա

D լիգա – Վրաստան, Բելառուս, Կոսովո, Մակեդոնիա

Սակայն ամեն բան այդքան էլ հեշտ չէ։ Եթե կրկին իրավիճակը հեշտ ընկալելու համար պատկերացնենք, որ ընտրական փուլն արդեն ավարտվել է, ապա ստացվում է, որ վերոհիշյալ որոշ հավաքականներ (մգեցված) արդեն ապահովել են Եվրո-2020-ի ուղեգրերը հենց ընտրական փուլի արդյունքներով։ Այդ մասով կանոնակարգում ասված է․ «Եթե խմբերի հաղթողները որակավորվել են ընտրական փուլում, ապա կփոխարինվեն նույն լիգայի՝ հաջորդ լավագույն թիմերով»։ Այսինքն, ենթադրենք, փլեյ-օֆֆում A լիգայում Պորտուգալիային ու Անգլիային կփոխարինեն 2-րդ տեղ զբաղեցրած հավաքականներ, դրանք չեն լինի՝ կընտրվեն 3-րդ տեղ զբաղեցրած թիմերը, հետո՝ 4-րդ։ Իսկ ահա դրանից հետո սկսվում է «ուղեղը կախել»։

Հնարավոր է իրավիճակ, որի դեպքում դիվիզիոններից մեկում չի հավաքվի 16 թիմ։ Նման բան, ավելի շատ, հնարավոր է A լիգայում, որտեղ հավաքված են եվրոպական թոփ-հավաքականները, որոնք ունակ են ընտրական փուլի արդյունքներով դուրս գալ Եվրո-2020։ Նման դեպքի համար կանոնակարգում կա ևս մեկ հստակեցում․ «Եթե միևնույն լիգայում չեն բավականացնում թիմերը, խմբերի հաղթողները կփոխարինվեն ընդհանուր վարկանիշի հաջորդ թիմով, բայց խմբերի հաղթողները (ցածր դիվիզիոնից) չեն կարող հանդիպել բարձր լիգայի թիմերի հետ։

Այլ խոսքով ասած՝ փլեյ-օֆֆի համար հարկ կլինի A լիգա բարձրացնել թիմ B լիգայից։ Բայց B լիգայի 4 լավագույն թիմերն այնուհանդերձ պետք է մնան իրենց դիվիզիոնի փլեյ-օֆֆում։ Այլապես կստացվի անարդարություն․ նրանց առաջադրանքը կբարդացնեն՝ հարկադրելով խաղալ A լիգայի ուժեղ մրցակիցների հետ։

Ի՞նչ երաշխիքներ ունի Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալայի հավաքականը

Ոչ մի երաշխիք։2019-ի հունիսին Ֆերնանդու Սանտուշի թիմը Կրիշտիանու Ռոնալդուի հետ հաղթեց Ազգերի լիգայի «Քառյակի եզրափակիչը», որը ևս անցկացվեց փլեյ-օֆֆի կարգով։ Դրան մասնակցում էին նաև A լիգայի խմբերի հաղթողները՝ Պորտուգալիան, Հոլանդիան, Անգլիան ու Շվեյցարիան։ Պորտուգալացիները դարձան Ազգերի լիգայի պատմության առաջին չեմպիոնը՝ վաստակելով հեղինակություն ու լավ պարգևավճարներ՝ 10,5 միլիոն եվրոյի չափով։ Սակայն հաղթանակն Ազգերի լիգայում չի ապահովում Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Եթե Պորտուգալիայի հավաքականն անհաջող հանդես գա ընտրական փուլում, ապա Եվրո-2020-ի եզրափակիչ հատված հասնելու համար պետք է պայքարի փլեյ-օֆֆում։

Share |

Լրահոս

Loading...