Պատրա՞ստ ենք, թե՞ պատրաստ չենք. ակումբների կարծիքը պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին

13:18 12.09.2019

Տևական ժամանակ է ՝ քննարկվում է Հայաստանում ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը. ՀՖՖ-ն նախորդ տարի նույնիսկ պաշտոնական առաջարկով հանդես եկավ՝ ընդգծելով, որ ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական և կանոնակարգային նորմերի ձևավորման հարցում, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաշրջանի համար որոշակի ֆինանսական աջակցություն կցուցաբերի:

Համաշխարհային ֆուտբոլում պրոֆեսիոնալ լիգաների օրինակները շատ են, մասնավորապես Անգլիայում մինչև 2016 թվականը առաջնությունը կրում էր Barclays Premier League անվանումը՝ գլխավոր հովանավորի՝ Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկերից մեկի պատվին: 

ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ArmSport-ի հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտում է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է աջակցել պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, միայն թե ակումբների կողմից պետք է նախաձեռնությունը լինի.

«Ամբողջ աշխարհում սա ընդունված բան է: Ֆեդերացիաները զբաղվում են սիրողական և մանկապատանեկան մրցաշարերի անցկացմամբ, իսկ պրոֆեսիոնալ լիգաների կազմակերպմամբ զբաղվում են ակումբներն ու այն ընկերությունները կամ հովանավորները, որոնք ներգրավված են այդ ամենում:

Պրոֆեսիոնալ լիգան ակումբներին թույլ կտա աճել՝ հասկանալով, որ կազմակերպման գործընթացն այնքան էլ հեշտ չէ: Եվ հետո, ակումբները կկարողանան կառավարել և՛ իրենց ծախսերը, և՛ եկամուտները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր բավականին մեծ ծախսեր է անում առաջնությունը կազմակերպելու համար:

Շուտով կհայտարարենք առաջնության հովանավորի հետ պայմանագիր կնքելու մասին, որը որոշակիորեն կփոխատուցի մեր և ակումբների ծախսերը (խմբ. հարցազրույցն արվել է նախքան VBet-ի՝ Հայաստանի առաջնության հովանավոր դառնալու մասին հայտարարվելը): Ակումբները կսկսեն նաև եկամուտներ ստանալ, բայց հետագայում նրանք կկարողանան իրենք կառավարել իրենց ծախսերն ու եկամուտները»:

Արմեն Մելիքբեկյանն ընդունում է՝ սա ամենևին հեշտ գործընթաց չէ, գուցե՝ 2-3 տարի պահանջվի մինչև ակումբները պայմանավորվեն միմյանց հետ, գան ու կազմակերպեն ինչ-որ բան, բայց հույս է հայտնում, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա գոնե դրանից հետո ակումբները կնախաձեռնեն ինչ-որ գործընթաց, որից հետո ֆեդերացիան կսկսի բանակցել դրա շուրջ:

«Այդուհանդերձ, չեմ կարող ասել, թե ակումբները որքանով պատրաստ կլինեն դրան: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք. մենք պատրաստ ենք աջակցել պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը և կարծում եմ՝ դա շատ մեծ քայլ է ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»,- ասել է ՀՖՖ առաջին փոխնախագահը:


ArmSport-ը լսել է հայկական ակումբների ներկայացուցիչների տեսակետներն ու փորձել հասկանալ՝ որքանով են մեր ակումբները պատրաստ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելուն.

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը կարծում է՝ սա այն հարցն է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Ըստ մասնագետի՝ ակումբների ներկայացուցիչները պետք է հանդիպեն ու հանգամանորեն ուսումնասիրեն պրոֆեսիոնալ լիգա ունենալու գաղափարը, դրա հեռանկարները.

«Այս հարցը կարծում եմ պետք է տրվի ակումբների ղեկավարներին, որովհետև նրանք ավելի լավ են հասկանում պրոֆեսիոնալ լիգայի կիրառումը օգտաբե՞ր կլինի ակումբների համար, թե՞ ոչ»,- ասում է Արմեն Պետրոսյանը:

«Ալաշկերտի» հիմնադիր սեփականատեր Բագրատ Նավոյանը դեռևս դժվարանում է այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում հայտնել. 

«Այս հարցով դեռ հստակ դիրքորոշում չունենք: Շարունակում ենք ուսումնասիրել պրոֆեսիոնալ լիգա ունենալու գաղափարը»:

Ի տարբերություն «Ալաշկերտի»՝ երևանյան մեկ այլ ակումբում՝ «Ուրարտուում» այս առումով հստակ դիրքորոշում ունեն. ակումբի գխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը կարծում է՝ Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը ճիշտ որոշում կլինի.

«Աշխարհի առաջատար ֆուտբոլային երկրները վաղուց ստեղծել են պրոֆեսիոնալ լիգաներ, հետևաբար Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը ճիշտ որոշում կլինի։ Սակայն միևնույն ժամանակ պետք է իրատես գտնվել և ընդունել, որ 2019/20 մրցաշրջանում ֆիզիկապես անհնար կլինի այս գաղափարը կյանքի կոչելը։ Անհրաժեշտ է լավ նախապատրաստվել, աշխատանք տանել բոլոր ուղղություններով` սպորտային, ֆինանսական, ենթակառուծվածքների, ապա նոր միայն հիմնել պրոֆեսիոնալ լիգան: «Ուրարտու» ՖԱ-ն իր կողմից կանի ամեն բան, որպեսզի նպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- նշում է Հրաչ Աղաբեկյանը: 

Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը ողջունում են նաև «Փյունիկում» և «Արարատում».

«Անկասկած, մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լիգա: Բոլոր երկրներում գոյություն ունի պրոֆեսիոնալ լիգա: Ֆեդերացիան պարզապես պետք է օգնի, կարծում եմ, որ վաղ թե ուշ պետք է գնալ այդ քալին»,- ասում է «Փյունիկի» մարզական տնօրեն Սամվել Առուստամյանը:

«Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը շատ ողջունելի է ու շատ ճիշտ: Շատ առաջատար երկրներում այն ընդունված է: Այն ղեկավարում են ակումբները և ինչ-որ հարցերի կամ խոչընդոտների դեպքում, որոնք շատ են լինում, ակումբներն իրենք են այդ ամենին լուծում տալիս: Դա ճիշտ գաղափար է, ավելի առողջ մրցակցային վիճակ է ստեղծվում»,- վստահ է «Արարատի» մարզական տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը:

Որքան էլ՝ պրոֆեսիոնա լիգա ունենալու գաղափարը գրավիչ է, այդուհանդերձ՝ այն իր մեջ որոշակի խնդիրներ է պարունակում: «Երևան» ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը ուշադրություն է հրավիրում այն հարցին, թե օրինակ ֆինանսական մասով խնդիրներն ինչպես պետք է լուծվեն.

«Գաղափարը լավն է, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել: Իհարկե, բոլոր ակումբներին էլ ձեռնտու կլինի պրոֆեսիոնալ լիգա ունենալը, բայց պետք է հասկանալ, թե օրինակ ֆինանսական մասով խնդիրն ինչպես պետք է լուծվի: Դրական ենք վերաբերվում այդ հարցին, բայց մինչև այդ պետք է հասկանալ՝ արդյոք բոլոր ակումբները պատրա՞ստ են գնալ այդ քալին, թե՞ ոչ»:

«Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանն էլ վստահ է՝ այս պահին մեր ակումբները պատրաստ չեն պրոֆեսիոնալ լիգային.

«Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելուն պետք է թե՛ ակումբները պատրաստ լինեն, թե՛ երկրի տնտեսական վիճակը թույլ տա: Կան դրանց շաղկապված այլ գործոններ ևս: Այս պահին, կարծում եմ, մեր թիմերը պատրաստ չեն պրոֆեսիոնալ լիգային, դրան կարելի է անդրադառնալ մի քանի տարուց»,- նշում է Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ վերջերս VBet ընկերությունը դարձավ Հայաստանի առաջնության պաշտոնական գործընկերը, իսկ գավաթի խաղարկությունը այս մրցաշրջանում կոչվելու է Vbet Հայաստանի գավաթ։

ՀՖՖ մարքեթինգի ու հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենց նպատակն է հովանավորչական համաձայնագրից ստացված գումարների միջոցով որոշ չափով ծածկել Vbet Հայաստանի գավաթի խաղարկության, Հայաստանի Բարձրագույն խմբի ու ՀՖՖ կողմից կազմակերպված մյուս մրցաշարերի ծախսերը, իսկ մնացած գումարը ուղղել հայկական ֆուտբոլային ակումբներին տարբեր ձևաչափերով.

«Որպես օրինակ՝ Vbet Հայաստանի գավաթի այս տարվա խաղարկությունը կունենա մրցանակային ֆոնդ, որտեղ պարգևավճարներ կստանան ինչպես գավաթի հաղթողը, այնպես էլ նախնական փուլից դուրս մնացած ակումբները», ասել էր Գեորգի Մաթևոսյանը:

Նա նաև հայտնել էր, որ այս պահի դրությամբ ֆեդերացիան բանակցում է մի քանի ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են հաջորդ մրցաշրջանից ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության անվանման իրավունքերը ձեռք բերելու հարցում՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունների ցանկում կան նաև աշխարհահռչակ ընկերություններ:

Share |

Լրահոս

Loading...