Տոտտին ֆուտբոլային մրցանակներ է հանձնել Մոսկվայում. Արթուր Սողոմոնյանը ևս ներկա է եղել

21:28 13.09.2019

Մոսկվայում երեկ կայացել է Football Heroes մրցանակաբաշխությունը: Ֆուտբոլի զարգացման միջազգային ասոցիացիան (IFDA) լեգենդար ֆուտբոլիստների հետ ընտրեց 11 անվանակարգերի դափնեկիրներին:

Մրցանակաբաշխությանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին, «Ռեալի» կազմում Իսպանիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող Ֆերնանդո Յերոն, Ֆերնանդո Մորյենտեսը, «Յյուվենտուսի» կազմում Իտալիայի չեմպիոն ու ՉԼ գավաթակիր Մասիմո Կարերան, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վենսան Կանդելան և այլք:

Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել նաև «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Տարվա լավագույն մրցավար է ընտրվել ռուս Անաստասիա Պուստովոյտովան, որն աշխատել է կանանց Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակչում:

Մանկապատանեական սեկտորում տարվա ղեկավար է ճանաչվել «Պորտուի» ակադեմիայի տնօրեն Ժոզե Տավարեշը:

Ֆուտբոլում կրթության համար մրցանակ է ստացել ճապոնական Soltilo ակադեմիան:

Լավագույն լրագրող է ճանաչվել իտալացի Ֆեդերիկո Բուֆֆոն:

«Սոցիալական հաղորդակցություն» անվանակարգում հաղթել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ):

«Սոցիալական գործունեություն» անվանակարգում պարգևատրվել է Football foundation for Brian Wesaala հիմնադրամը:

Լավագույն մարզական գործակալություն է ճանաչվել Football Champions Tour-ը:

Տարվա լավագույն ֆուտբոլային նախագիծ է ճանաչվել Լա Լիգան:

Տարվա լավագույն մարկեթինգային բաժին անվանակարգում հաղթող է ճանաչվել Բիլբաոյի «Աթլետիկը»:

Լավագույն նորարություն է ճանաչվել VAR համակարգը:

2019 թվականի լավագույն երկրպագուներ անվանակարգում հաղթող են ճանաչվել «Լիվերպուլի» ֆաները:

Share |

Լրահոս

Loading...