Ըմբշամարտի ԱԱ․ Ալեքսանյանի 4-րդ հնարավոր չեմպիոնությունը, Չալյանի ստուգատեսն ու առաջին մրցաշարն առանց Լևոն Ջուլֆալակյանի

09:09 14.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում սեպտեմբերի 14-22-ը կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այս առաջնությունը կարևոր և առաձնհատուկ է այնքանով, որ նախաօլիմպիական է և առաջին մրցաշարն է, որի ժամանակ կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր Տոկիո-2020-ի համար։

Որպես կանոն նախաօլիմպիական աշխարհի առաջնություններն անցնում են բարձր մրցակցության պայմաններում։ Նուր-Սուլթանում առաջնության բացումը կանեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Նրանք պայքարի մեջ կմտնեն 10 քաշային կարգերում, որոնցից 6-ը օլիմպիական քաշային կարգեր են։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով՝ Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Արթուր Ալեքսանյան (97 կգ)։

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը գրում է, որ հավաքականի կազմում միակ նորեկը, ով մեծահասկաների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության փորձ չունի, Մալխաս Ամոյանն է, ով նորամուտն է նշում մեծահասկաների հավաքականում։ Թեև Մալխասի քաշային կարգը ոչ օլիմպիական է, այնուամենայնիվ չի նշանակում, որ նրան հեշտ մրցակցություն է սպասվում այս առաջնությունում։

Երիտասարդ ըմբիշը լուրջ քննություն պետք է հանձնի և ցույց տա, թե որքանով է պատրաստ հանդես գալ մեծահասկաների մրցաշարերում և առաջնություններում։ Հանուն արդարության պետք է նշել, որ Մալխասը այս տարի հաղթող է ճանաչվել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Poland Open միջազգային մրցաշարում, որտեղ անցկացրել է 3 գոտեմարտ և ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին։ Բայց միջազգային մրցաշարերը այլ են, աշխարհի առաջնությունը՝ այլ։ Երիտասարդ ըմբիշից սպասելիքները շատ են, այդ մասին նաև իր խոսքում նշել է գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը․

«Մենք հավատում ենք Մալխաս Ամոյանի ուժերին, դրա համար էլ նա հավաքականի կազմում է»։

Հետաքրքիր է լինելու հետևել 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերը։ 2017 թվականի աշխարհի չեմպիոնը Ղազախստանի մայրաքաղաք է մեկնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կարգավիճակով:

Մաքսիմի համար այս տարի այնքան էլ հաջող չէր՝ նախ նա անհաջող հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում, ապա Եվրոպական խաղերում (1 կգ քաշային կարգ բարձր), սա հնարավրություն է, որպեսզի նա ապացուցի, որ դեռ ունակ է պայքար մղելու մեդալների և չեմպիոնական տիտղոսների համար։

87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը նույնպես Նուր-Սուլթան է մեկնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կարգավիճակով։ 2018 թվականին Բուդապեշտում Արթուրը բրոնզե մեդալի համար լարված պայքարում առավելության հասավ Ադրբեջանը ներկայցնող Իսլամ Աբասովի նկատմամբ։ Այս տարի Շահինյանը անհաջող հանդես եկավ Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում, սակայն մինչև աշխարհի առաջնությունը Վաշավայում կայացած Poland Open մրցաշարում հաղթող դարձավ՝ եզրափակչում առավելության հասնելով Մաքսիմ Մանուկյանի նկատմամբ։

Առաջնության գլխավոր ինտրիգներից մեկը թերևս Արթուր Ալեքսանյանի և աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի դիմակայությունը կլինի։ 97 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոնը կփորձի հետ բերել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2018-ին Բուդապեշտում Արթուրը ծանր գոտեմրատեր անցկացրեց և կիսաեզրափակչում զիջեց Եվլոևին, ով էլ դարձավ ԱԱ-ի հաղթող։ Դրանից հետո Արթուրը անցավ բուժման և վերկանգնողական շրջան և Մինսկում կայացած Եվրոպական խաղերում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ ճանապարհին հաղթելով Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին։

Եվլոևի հետ նրանց գոտեմարտերի հաշիվը 1:1 է, 2017-ի ԱԱ-ի եզրափակչում հաղթել է Արթուրը, 2018-ին՝ ռուս ըմբիշը։ Հուլիսին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուրը ասել էր․

«Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»։

Հայ հանդիսատեսի համար գլխավոր ինտրիգը լինելու է 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի ելույթը։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը երրորդ ԱԱ-ն անընդմեջ կփորձի ապացուցել, որ այս քաշային կարգում հավաքականի առաջատարն է։

Մինչև այս Չալյանը նախորդող երկու ԱԱ-ում հաջող ելույթներ չի ունեցել, սակայն այս առաջնությունը կարևոր է այնքանով, որ կտա շատ հարցերի պատասխան, թե ի վերջո ինչքանով էր արդարցի և ճիշտ նրա՝ ԱԱ-ում հայտնվելը։ Ի վերջո, այս ճանապարին եղան բազմաթիվ քննարկումներ, գլխավոր մարզչի հրաժարական, փորձամրցում Արսեն Ջուլֆալակյանի հետ, հարցազրույցներ, պարզաբանումներ։

77 կգ քաշային կարգը օլիմպիական է համարվում և բարդ մրցակցություն է սպասվում գյումրեցի ըմբիշին։

Այս աշխարհի առաջնությունը յուրահատուկ է հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի համար։ ԱԱ-ի մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ հրաժարական տվեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով հավաքականը գլխավորում էր 20 տարի։

Սա յուրահատուկ փորձություն է լինելու թիմի համար և, թե ինչպես դուրս կգան այս իրավիճակից, կախված է ըմբիշներից և մարզչական անձնակազմի աշխատանքից։ Ինչպես ասել էր հավաքկանի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը դժվար է Ջուլֆալակյանից հետո գլխավորել հավաքականը, բայց կփորձենք պատվով դուրս գալ այս իրավիճակից։

Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 55,63, 72, 82 կգ քաշային ըմբիշները։ Օլիմպիական ուղեգրեր են տրվում յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում 1-6-րդ հորիզոնականը զբաղեցրած ըմբիշներին։

Share |

Լրահոս

Loading...