Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին» ու 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Հատկանշական է, որ խաղի հաշիվը 22-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Դենիս Մահմուդովը: Առաջին կեսի վերջին րոպեին «Արարատի» կազմում Դենիս Դեդեչկոն տուգանայինից կատարած փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվն ու թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսն անցավ շատ թեժ պայքարում. 54-րդ և 59-րդ րոպեներին «Արարատի» կազմում Վեսլեն ու Դավիթ Խուրցիձեն աչքի ընկան խփած գնդակներով ու նշանակալի առավելություն տվեցին տանտերերին:
Մոտ 10 րոպե հետո, սակայն, «Փյունիկը» մնաց 10 հոգով. Էրիկ Վարդանյանը մրցակցին հարվածելու, ապա մրցավար Հենրիկ Նալբանդյանի հետ բախվելու համար կարմիր քարտ ստացավ:
Հանդերձարան հեռանալիս Վարդանյանը միջնամատ ցույց տվեց «Արարատի» երկրպագուների ուղղությամբ: Այնուհետև տրիբունաներում հրմշտոց սկսվեց, բախումները կանխվեցին ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո:
Խաղավարտին թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. նախ Արտակ Ալեքսանյանն 90-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու 4-րդ գոլն ուղարկեց «Փյունիկի» դարպասը, իսկ ավելացված ժամանակում արդեն Չախալյանի թիմի կազմում Անտոնիո Ստանկովը ևս մեկ գնդակ ետ բերեց:
Նշենք՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը առողջական խնդիրների պատճառով բացակայում էր. գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը:
Այս հաղթանակից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրեց 25-ի ու գլխավոչրում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը՝ «Շիրակի» հետ ունենալով հավասար միավորներ: «Փյունիկը» 13 միավորով 7-րդն է: