Մարկոսի հաղթական վերադարձը, Բարսեղյանի արդյունավետությունն ու վնասվածքը. ինչ են արել #ՄերոնքԴրսում

21:04 15.09.2019

Սեպտեմբերի 15-ին հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ հանդիպումների են մասնակցել իրենց թիմերում և աչքի ընկել արդյունավետ գործողություններով: 

ArmSport.am-ն ամփոփում է օրվա ֆուտբոլային անցուդարձը՝ մերոնց մասնակցությամբ:

Ծնկի վնասվածքի պատճառով Ազգային հավաքականի վերջին 2 խաղերը բաց թողած Մարկոսն այսօր վերադարձավ խաղադաշտ ու նպաստեց «Ակտոբեի» հաղթանակին. Ղազախստանի առաջնության 26-րդ տուրում Պիզելիի թիմը սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Ատիրաուին»: Մարկոսը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ մեր ընտրանու կիսապաշտպանը խաղաց առանց փոխարինման: Այս հաղթանակից հետո «Ակտոբեն» 12-րդն է մրցաշարային աղյուսակում:

ՂՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակում այսօր իր հանդիպումն է անցկացրել նաև Տիգրան Բարսեղյանի «Կայսարը»: Հայաստանի հավաքականի հարձակվողն իր արդյունավետ խաղով նպաստել է «Կայսարի»` 2-0 հաշվով հաղթանակին՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: 61-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով: Այս հաղթանակից հետո «Կայսարը» 6-րդ տեղում է:

Կամո Հովհաննիսյանի «Ժետիսուն» հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտվել է «Կայարթին»: Հայաստանի հավաքականի պաշտպանը մնացել է իր թիմի պահեստայինների նստարանին: Այս պարտությունից հետո «Ժետիսուն» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:

Դանիական Սուպերլիգայի 9-րդ տուրում Էդգար Բաբայանի «Հոբրոն» սեփական հարկի տակ հայ ֆուտբոլիստի օգնությամբ 2-1 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»: Տանտերերի կազմում երկու գոլերի համահեղինակը դարձավ Էդգար Բաբայանը, որը մասնակցեց ողջ խաղին ու արժանացավ նաև դեղին քարտի: Այս հաղթանակից հետո «Հոբրոն» 10-րդ հորիզոնականում է:

Շվեդիայի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում Անդրե Չալըշըրի «Գյոտեբորգը» հյուրընկալվելիս 2-6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Համմարբյուից»: Հայաստանի հավաքականի պաշտպանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և խաղացել է առանց փոխարինման: Այս պարտությունից հետո «Գյոտեբորգը» 6-րդն է մրցաշարային աղյուսակում:

Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է «Ֆրայբուրգին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆֆենհայմի» պահեստայինների նստարանին էր և այդպես էլ խաղաժամանակ չստացավ: Այս պարտությունից հետո «Հոֆֆենհայմը» 13-րդն է մրցաշարային աղյուսակում:

Share |

Լրահոս

Loading...