Շնորհակալ եմ ամեն ինչի համար. Սլավիկ Գալստյանն՝ ԱԱ-ի բրոնզե մեդալը նվաճելուց հետո

13:24 16.09.2019

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։

«Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում»,-ասել է նա։

Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ.

«Միշտ առաջին գոտեմարտն ավելի դժվար է լինում, սակայն երկրորդ գոտեմարտը ևս հեշտ չէր, մի քանի վայրկյան էր մնացել, պարտվում էի, բայց կարողացա հետ բերել միավորները և հաղթել»,- նշել է ըմբիշը:

Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը թույլ է տվել որոշ սխալներ, բայց մրցավարների «համակրանքն» էլ եղել է մրցակցի կողմը.

«Ես նույնպես սխալներ թույլ տվեցի, չեմ կարող հերքել, ինչ-որ չափով էլ մրցավարներն օգնեցին նրան»,- խոսքը եզրափակել է Սլավիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը 7:5 հաշվով հաղթել էր Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիին:

Share |

Լրահոս

Loading...