Թոքերը վնասելու վտանգ կար. Ռաֆայել Ալեքսանյանը՝ եղբոր՝ չգոտեմարտելու մասին

18:57 16.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել Նուր-Սուլթանում ընթացող Աշխարհի առաջնության եզրափակչին: Մեր մարզիկը նախօրեին կողոսկրի կոտրվածք էր ստացել, սակայն սպասվում էր, որ Արթուրը, ամեն դեպքում, դուրս կգա մրցագորգ ու կպայքարի ԱԱ-ի 4-րդ ոսկե մեդալի համար:

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարությունից հետո Ռաֆայել Ալեքսանյանը «Ինստագրամ»-ում գրառում է կատարել եղբոր՝ մրցագորգ դուրս չգալու պատճառի մասին.

«Արթուրը մրցագորգ դուրս չեկավ, քանի որ բժիշկն ասել էր, որ վտանգ կա: Կոտրված կողը կարող էր վնասել թոքերը: Դրանից հետո ես զանգահարեցի մարզիչներին՝ իմանալու, թե ինչպես է Արթուրը: Նրանք ասացին, որ Արթուրն անգամ այդ պահին խնդրում է իրեն թույլ տալ մրցագորգ դուրս գալ: Բայց մարզչական շտաբն արդեն որոշում էր կայացրել, որ ավելի լավ է հրաժարվել գոտեմարտից, քանի որ Արթուրի առողջությունն ավելի կարևոր է», - գրել է Ռաֆայելը:

Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից. եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0), թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1): 

Share |

Լրահոս

Loading...