Լոռին հաղթեց Ուրարտուին ու բարձրացավ երրորդ հորիզոնական (տեսանյութ)

17:56 17.09.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Լոռին» Վանաձորում ընդունել է «Ուրարտուին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:

Հատկանշական է, որ խաղի հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացել են հյուրերը. Եվգենի Կոբզարն է աչքի ընկել խփած գնդակով ու առաջ մղել երևանյան թիմին:

7 րոպե անց, սակայն, «Լոռիի» ռուս կիսապաշտպան Ռուսլան Զաերկոն տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավել է Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասն ու հավասարեցրել հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում վանաձորյան թիմի ֆուտբոլիստ Չավիեր Աուսմենդին երկրորդ գնդակն է ուղարկել «Ուրարտուի» դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

Երկրորդ կեսում թիմերին չի հաջողվել գրավել միմյանց դարպասները:

Այս հաղթանակի շնորհիվ «Լոռին» իր միավորների թիվը հասցրել է 13-ի ու բարձրացրել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ուրարտուն» 7 խաղից հետո ընդամենը 2 միավոր է վաստակել ու ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է:

Share |

Լրահոս

Loading...