Սիմոնի կրկնակի տրիումֆի սպասումով. Թաիլանդում մեկնարկում է ծանրամարտի ԱԱ-ն

19:03 17.09.2019

Սեպտեմբերի 18-ից 27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում կկայանա ծանրամարտի աշխարհի 85-րդ առաջնությունը տղամարդկանց և 28-րդ առաջնությունը՝ կանանց միջև:

Մրցումներին 734 մարզիկ կմասնակցի՝ 395 տղամարդ և 339 կին: ԱԱ-ի առաջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, կկայանա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ տղամարդկանց (մինչև 56 կգ) և կանանց (մինչև 45 կգ) պայքարում առաջին մեդալները կխաղարկվեն չորեքշաբթի:

Հատկանշական է, որ այս տարվա սկզբին Թաիլանդում աշխարհի առաջնության անցկացումը հարցականի տակ էր՝ այս երկրի մարզիկների մասնակցությամբ դոպինգ սկանդալի պատճառով: Թաիլանդը ներկայացնող 2018 թվականի միանգամից 3 աշխարհի չեմպիոնուհի մեղադրվեցին դոպինգի օգտագործման մեջ, իսկ արգելված նյութերի օգտագործման համար ընդհանուր առմամբ որակազրկվեցին թաիլանդցի 8 ծանրորդ:

IWF-ն այս պատճառով ցանկացավ խլել Թաիլանդից ԱԱ-ն անցկացնելու իրավունքը, ինչպես դա արեց 2018 թվականին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից ԵԱ-ն տեղափոխելով Բուդապեշտ: Սակայն, ԱԱ-ն անցկացնելու իրավունքը պահելու համար Թաիլանդի ծանրորդների ասոցիացիան անսովոր քայլի գնաց՝ ինքնակամ հրաժարվելով իր մարզիկների մասնակցությունից ոչ միայն ԱԱ-ին այլև՝ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին:

Մրցումները կկայանան հետևյալ քաշային կարգերում՝

Տղամարդիկ. 55կգ, 61կգ, 67կգ, 73կգ, 81կգ, 89կգ, 96կգ, 102կգ, 109կգ, +109կգ

Կանայք. 45կգ, 49կգ, 55կգ, 59կգ, 64կգ, 71կգ, 76կգ, 81կգ, 87կգ, +87կգ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ:

Մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:

ԱԱ-ի նախորդ փորձը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը բավականին ներկայանալի կազմով է մեկնում Թաիլանդ՝ փորձելով զարգացնել ու կատարելագործել նախորդ տարվա հաջողությունները:

2018 թվականի նոյեմբերին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մեր ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճեցին ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրին 8-րդ հորիզոնականը:

Հատկանշական էր 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանի ելույթը, որը դարձավ աշխարհի չեմպիոն՝ նվաճելով 1 փոքր ոսկե և 1 փոքր արծաթե մեդալ՝ նաև աշխարհի ռեկորդ սահմանելով: Այս անգամ ևս Սիմոնը բացարձակ ֆավորիտ է հանդիսանում իր քաշային կարգում ու կփորձի երկրորդ տարին անընդմեջ նվաճել բաղձալի տիտղոսը:

109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանն Աշխաբադում 3 արծաթե մեդալ նվաճեց (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Վրաստանի Բաթումի քաղաքում գարնանը կայացած ԵԱ-ում գյումրեցի ըմբիշը բավարարվեց միայն 5-րդ տեղով. ոտնաթաթի վնասվածքը խանգարեց մեր ըմբիշին ցույց տալու այն ամենն, ինչին իսկապես ունակ է:

«Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ և լինելու եմ բարձունքում»,- Եվրոպայի առաջնությունից հետո հայտարարեց Գոռ Մինասյանը:

Աշխաբադում ևս մեկ փոքր արծաթե մեդալ էր նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, որը Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնությունում արդեն ոսկե մեդալակիր դարձավ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Մկրտչյանը ԵԱ-ից հետո նշեց, որ փորձելու է ռեկորդ գրանցել աշխարհի առաջնությունում, որտեղ արդեն հանդես կգա 96 կգ քաշային կարգում:

2018 թվականի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը և Տաթև Հակոբյանը, պոկում վարժությունում 0 ստանալով, հրաժարվել էին պայքարից: Արդեն Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը քաշի հետ վերջին պահին ունեցած խնդիրների պատճառով զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Կարապետյանին մշտապես հետապնդում են ծանր վնասվածքներն ու անհարմար իրավիճակները, բայց վստահ ենք՝ մեր տաղանդավոր մարզիկի կյանքում վերջապես ավարտվելու է սև գիծն ու մարզական բախտը հենց նրա կողմից է լինելու:

Իզաբելլա Յայլյանը նախորդ ԱԱ-ում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը, Լիանա Գյուրջյանը՝ 11-րդ, իսկ Արփինե Դալալյանը C խմբում զբաղեցրել էր երրորդ տեղը:


Ի տարբերություն նախորդ ԱԱ-ի, ծանրամարտի Հայաստանի հավաքականում այս անգամ մեր երկրի պատիվը կպաշտպանեն նաև Եվրոպայի 2019 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը, բրոնզե մեդալակիրներ Դավիթ Հովհաննիսյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Աղջիկների պայքարում այս անգամ Հայաստանը կներկայացնեն միայն Իզաբելլա Յայլյանն ու Տաթև Հակոբյանը: Տաթևը Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Իզաբելլան՝ 5-րդ:

Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ավելի վաղ ArmSport-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք Եվրոպայի առաջնությունից հետո սկսել են պատրաստվել Աշխարհի առաջնությանը.

«Սա անընդհատ աշխատանք է. մայիսին էլ ենք հավաքներ ունեցել, հունիսին էլ, հուլիսին էլ, այժմ էլ: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, որից հետո կուղևորվենք Թաիլանդ: Կազմը 99 տոկոս պատրաստ է: Հույս ունենք՝ վնասվածքներ չեն լինի:

Աղջիկներն իրենց մարզումները կշարունակեն այստեղ, մենք կմեկնենք Ուկրաինա: Հետո աղջիկները կմիանան մեզ և կմեկնենք Թաիլանդ»,- ասել էր Ալավերդյանը:

Նշենք՝ ԱԱ-2019-ը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Share |

Լրահոս

Loading...