Նապոլի-Լիվերպուլ. Անչելոտին գերազանցեց Կլոպին

11:03 18.09.2019

Երեկ  Չեմպիոնների լիգայի  խմբային փուլի անդրանիկ տուրն էր: E խմբում տեղի ունեցավ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը, որտեղ իտալական «Նապոլին» 2-0 հաշվով պարտության մատնեց գործող գավաթակիր «Լիվերպուլին»:

Ինչպես և սպասվում էր, խաղը վերածվեց 2 մարզիչների՝ Կառլո Անչելոտիի և Յուրգեն Կլոպի տակտիկական դիմակայության: Հենց երկու փորձառու մասնագետների գործողություններն ու որոշումներն էլ անմիջական ազդեցություն ունեցան հանդիպման վրա:

Անչելոտին բավականին հետաքրքիր մարտավարություն էր որդեգրել՝ միաժամանակ դաշտ դուրս բերելով Ինսինյեին, Լոզանոյին, Կալյեխոնին և Մերտենսին: Դաշտի կենտրոնը վստահվել էր Ֆաբիան Ռուիսին և Ալլանին: 4 արագավազ և թեթև հարձակվողների ներկայությունը և մաքուր հենակետայինի բացակայությունը ենթադրում էր, որ «Նապոլին» պետք է որդեգրի գնդակին հնարավորինս շատ տիրելու մարտավարությունը, իսկ գնդակը կորցնելու դեպքում հարձակվողների պրեսսինգի միջոցով թույլ չտա մերսիսայդցիներին գրոհ սկսել: Ոչ Ռուիսը, ոչ էլ Ալլանը մաքուր հենակետայիններ չեն: Իսպանացի ֆուտբոլիստը ավելի ստեղծագործ որակներ ունի, իսկ ահա բրազիլացի Ալլանը դասական «Բոքս թու Բոքս» է:

Ինչ վերաբերում է Կլոպին, ապա մարզիչը ընտրել էր թիմի համար սովորական 4-3-3 մարտավարությունը, որտեղ գրոհելիս շեշտը դրվելու էր Մանեի, Սալահի և Ֆիրմինոյի արագության և անհատական գործողությունների, ինչպես նաև Ֆաբինյոի գնդակը արագ խլելու և գրոհներ սկսելու ունակության վրա: Վերջինիս այդ հարցում պետք է օգնեին փորձառու Հենդերսոնը և Միլները:

Առաջին խաղակեսը ընթացավ նախատեսված սցենարով: «Լիվերպուլը» հույս էր դրել հակագրոհների վրա, իսկ «Նապոլին» հարձակվում էր: Հետաքրքրական է, որ հարձակման գծում ունենալով 4 ֆուտբոլիստ, «Նապոլին» հարձակվողական գործողություները բաշխում էր ավելի շատ խաղացողների վրա, իսկ Լիվերպուլը ստիպված էր ավելի շատ ջանք թափել գրոհներին դիմակայելու համար: Գումարած, թիմի կիսապաշտպանական գիծը ահռելի աշխատանք էր կատարելու, հակագրոհներ սկսելիս:

Այս ամենը արդյունք տվեց երկրորդ խաղակեսում: Անչելոտին Ինսինյեի փոխարեն դաշտ մտցրեց կիսապաշտպան Զելինսկիին, իսկ ահա Կլոպը ստիպված էր փոխարինել հոգնած Միլներին և Հենդերսոնին: «Լիվերպուլի» կազմում դաշտ դուրս եկան Վեյնալդումը և Շաքիրին: Վերջինս իրեն այդքան էլ լավ չի զգում կիսապաշտպանության կենտրոնում և անընդհատ միտված է դեպի եզր: Արդյունքում, մերսիսայդցիները կենտրոնում ունեին միայն Ֆաբինյոին և Վեյնալդումին, իսկ «Նապոլին» արդեն խաղում էր 3 կիսապաշտպանով՝ Զելինսկի, Ալլան և Ռուիս: Անչելոտին այս քայլով ավելի մեծ ազատություն տվեց Ռուիսին, և փաստորեն հենց նրա գործողությունների շնորհիվ խփվեց 2-րդ գոլը: Ազատություն ստացան նաև Կալյեխոնը և Մերտենսը : 

«Լիվերպուլի» հոգնած պաշտպանների ֆոնին «Նապոլին» կարողացավ ավելի սառնասրտորեն գործել: Խաղավարտին փոխարինման դուրս եկավ նաև Լյորենտեն, և իտալական թիմը սկսեց կենտրոնանալ նրան գնդակներ հասցեագրելու ուղղությամբ. արդյունքում՝ 2-0:

Անչելոտին կիրառեց դասական ֆուտբոլային մարտավարություն և փորձի հաշվին կարողացավ տակտիկակական հաղթանակի հասնել:   

 

Գեղամ Հարությունյան

 

 

Share |

Լրահոս

Loading...