Չեմպիոնների լիգա. Աթլետիկոն ծարավ է «վրեժի», Ազարն ընդդեմ Իկարդիի

09:13 18.09.2019

Այսօր երեկոյան ֆուտբոլային Եվրոպայի զարկերակը կբաբախի ավելի արագ: Տեղի են ունենալու Չեմպիոնների լիգայի  խմբային փուլի անդրանիկ տուրի հերթական հանդիպումները: Լոնդոնից մինչև Մոսկվա, Մադրիդից մինչև Ստոկհոլմ ֆուտբոլասերների բազմամիլիոնանոց բանակը պատրաստվում է հերթական մենամարտերին: Ֆուտբոլային հակամարտություններ,որոնք մոտ երկու ժամ կլանված են պահում հանդիսատեսին:

Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության մեկնարկը արդեն տրված է։ Իսկ թիմերը սկսում են իրենց երկար ճանապարհը  դեպի Ստամբուլ:

Այս երեկո ասպարեզ են մտնում A, B, C, D խմբերում տեղակայված թիմերը: Նրանց թվում են նաև խաղարկության գլխավոր ֆավորիտներ համարվող «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Բավարիան», «Ատլետիկոն», «Յուվենտուսը» և «Տոտենհեմը»:

Armsport-ը առանձնացրել է ֆուտբոլային օրվա կարևորագույն հանդիպումները, որոնք անտարբեր չեն թողնի ֆուտբոլասերներիին:

 

Ա Խումբ

«ՊՍԺ»-«Ռեալ»

Խաղի մեկնարկը՝ 23:00

 

 

Ա խմբում բացի այս երկու թիմերից ընդգրկված են նաև բելգիական «Բրյուգգեն» և թուրքական «Գալաթասարայը»: Սակայն հենց ֆրանսիական և իսպանական գրանդերն են համարվում այս խմբի բացահայտ ֆավորիտները: Սպասվում է, որ հենց այս ակումբների դիմակայությունն էլ կորոշի, թե ով է խմբից դուրս գալու առաջին տեղով: Իհարկե, պետք չէ նաև մոռանալ թուրքական ակումբին, որը սիրում է անակնկալներ մատուցել Չեմպիոնների լիգայում:

Ընդանուր առմամբ «Ռեալը» և «ՊՍԺ»-ն հանդիպել են 9 անգամ: 4 հաղթանակ տարել են «Ռեալի» ֆուտբոլիստները, 2 խաղ ավարտվել է ոչ ոքի, 3 հաղթանակ էլ ունի փարիզյան ակումբը: Վերջին անգամ թիմերը ուժերն են չափել 2017/18 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում: Երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5-2 հաշվով հաղթանակ տանելով, «Ռեալը» դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ մրցաշարի արդյունքում նվաճեց նաև բաղձալի գավաթը:

Անցյալ տարի երկու թիմերն էլ ձախողեցին ՉԼ խաղարկությունը, դուրս մնալով փլեյ-օֆֆ առաջին փուլից: Սակայն, ունենալով մեծ հավակնություններ, թիմերը ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ ակտիվություն են ցուցաբերել:

Ռեալը, ի դեմս Էդեն Ազարի փորձել է Ռոնալդուի փոխարինողին գտնել, իսկ ՊՍԺ-ն ամրապնդել է խնդրահարույց դիրքերը, ի դեմս Իկարդիի, Սարաբիայի և Անդեր Էրրերայի:

Հասկանալի է, որ այսպիսի կազմերով «ՊՍԺ»-ն և «Ռեալը» մրցաշարի հաղթողի հավակնորդներից են: Փարիզյան ակումբը փորձելու է վերջապես նվաճել գավաթը, միլիարդավոր դոլլարներ ծախսելուց հետո, իսկ «Ռեալը» ամեն գնով ցանականալու է վերադարձնել այն Մադրիդ:

Սակայն, այս հանդիպմանը երկու թիմերն էլ մոտենում են զգալի կորուստներով: «Ռեալի» կազմում  չեն լինելու Իսկոն, Մարսելոն, Սերխիո Ռամոսը, Նաչոն: «ՊՍԺ»-ն իր հերթին կխաղա առանց առաջատարների. Նեյմարը որակազրկված է, իսկ Մբապեն վնասվածք ունի: Սպասենք և տեսնենք, թե ովքեր կլինեն այս հանդիպման գլխավոր հերոսները:

 

Ուշադրության արժանի ֆուտբոլիստներ

Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա-«Ռեալ»

Մաուրո Իկարդի, Անխել դի Մարիա-«ՊՍԺ»

 

Դ Խումբ

«Աթլետիկո»-«Յուվենտուս»

Խաղի մեկնարկը՝ 23:00

 

 

Օրվա հաջորդ գերլարված և աստղային հանդիպումը խոստանում է լինել իտալական և իսպանական գրանդերի դիմակայությունը: Այս թիմերը անցած մրցաշրջանից մնացած հաշիվներ ունեն մաքրելու: Բոլորն են հիշում, թե ինչպես 1/8 եզրափակչի առաջին խաղում մադրիդցիները վստահ հաղթանակ տարան «Ծեր սինյորայի» նկատմամբ 2-0 հաշվով: Իսկ պատասխան հանդիպման ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է, հեթ-տրիկ ձևակերպելով  և իր թիմին դուրս բերելով հաջորդ փուլ:

Այսպիսով, մադրիդցիները ամեն ինչ անելու են ապացուցելու համար, որ անցած տարվա մրցավեճի արդյունքը պատահականություն էր: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Աթլետիկոն» կորցրեց Գրիզմանին, սակայն ձեռք բերեց  եվրոպական ֆուտբոլի ապագան համարվող Ժոաու Ֆելիշին: Վերջինս պարզապես ֆանտաստիկ խաղ է ցուցադրում իր նոր թիմում, և այսպիսի կատարող ունենալու պարագայում, իսպանական ակումբը կարող է լրջորեն հավակնել ցանկացած տիտղոսի:

Յուվենտուսում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Թիմը գլխավորել է Սարրին և նոր փիլիսոփայություն է իր հետ բերել: Այս մրցաշրջանում թուրինյան ակումբը փորձելու է ամեն գնով նվաճել հեղինակավոր գավաթը, մանավանդ, որ կազմում ունի Կրիշտիանու Ռոնալդուին, ով այս գավաթը նվաճելու անգերազանցելի վարպետ է: Ինչ-որ առումով այս հանդիպումը եվրոպական ֆուտբոլի ներկա և ծագող գլխավոր աստղերի դիմակայությունն է. Ռոնալդուն ընդդեմ Ֆելիշի

Ընդհանուր առմամբ, այս ակումբները հանդիպել են 10 անգամ: 5 հաղթանակ ունի «Յուվեն», 4՝ «Աթլետիկոն», իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել է խաղաղ ելքով:

Ուշադրության արժանի ֆուտբոլիստներ

Ռոնալդու - «Յուվենտուս»
 
Ֆելիշ - «Աթլետիկո»

 

 

                                                                                                                                                                                               Գեղամ Հարությունյան

 

 

Share |

Լրահոս

Loading...