Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Ազատոճային ըմբիշ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակչում մրցեց Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող Մոհամադբագեր Յախքեշիի հետ: Հարությունյանը հաղթեց 13:6 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Գոտեմարտը լավ սկսվեց մեր ըմբիշի համար, նա միանգամից մեծ առավելություն ստացավ: Սակայն դադարից հետո իրանցի մրցակիցը, որն ավելի բարձրահասակ էր, կարողացավ միավորներ հետ բերել: Մինչև գոտեմարտի ավարտը Արսենին հաջողվեց ևս մի քանի հնարք կատարել ու կրկին առաջ անցնել հաշվի մեջ:
Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող Ռավինդերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10-5 հաշվով հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը: