Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց, Թևանյանը պարտվեց 1/16-ում

11:55 19.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատոճային ըմբիշները։

Հայաստանն այսօր ներկայացուցիչներ ուներ 65 և 57 կգ քաշային կարգերում։

57 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից։ Այս փուլում մեր ըմբիշի մրցակիցը Վրաստանը ներկայացնող Օթարի Գոգավան էր։

Հարությունյանը շատ ակտիվ սկսեց գոտեմարտը` հենց մեկնարկից ոչ մի շանս չտալով մրցակցին։ Լարված պայքարն ավարտվեց 9-4 հաշվով՝ հօգուտ մեր ըմբիշի: 

Հարությունյանը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը Հնդկաստանը ներկայացնող Կումար Ռավին է:

65 կգ քաշային կարգում որակավորման փուլում Վազգեն Թևանյանը 5-3 հաշվով հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակչում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ճապոնիան ներկայացնող Տատուկո Օտոգուրոյին (0-6):

Share |

Լրահոս

Loading...