Եվրոպա լիգա. Հենրիխ Մխիթարյանը և այլ աստղեր, որոնք կարող էին փայլել նույնիսկ ՉԼ-ում

09:26 19.09.2019

Այսօր մեկնարկում է Եվրոպա Լիգայի 2019/2020 մրցաշրջանի խմբային փուլը: Սա ՈւԵՖԱ-ի՝ նշանակությամբ երկրորդ մրցաշարի 49-րդ  խաղարկությունն է: Մինչև 2008 թվականը, մրցաշարը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ: Այդ փոփոխությունից հետո, այս մրցաշրջանը թվով 11-րդն է: 

Բաղձալի գավաթի համար կպայքարեն 55 երկրների ակումբներ: Իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Մրցաշարում հաղթանակ տանելը ակումբների համար կարևոր է ոչ միայն ֆինանսական բաղկացուցիչով․ Եվրոպա Լիգայի գավաթակիրը հաջորդ տարի միանգամից կխաղա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում:

Այս տարի ևս Եվրոպայի Լիգայում կան հնչեղ անուններ, թիմեր և ֆուտբոլիստներ, որոնք կզարդարեին նաև Չեմպիոնների Լիգան:

«Արարատ-Արմենիայի», «Ուրարտուի», «Փյունիկի», և «Ալաշկերտի»՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլից դուրս մնալուց հետո հայ ֆուտբոլասերների համար մրցաշարը առանձնահատուկ է Հենրիխ Մխիթարյանի ակումբի՝ «Ռոմայի» մասնակցությամբ:  

Armsport-ը առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են դառնալ Եվրոպա Լիգայի այս խաղարկության հերոսները և համարվում են ֆավորիտ ակումբների առաջատարներ:

 

 

Բրունո Ֆերնանդեշ-«Սպորտինգ», Պորտուգալիա

Պորտուգալացի ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ամենացանկալի ձեռքբերումներից էր համարվում: Կիսապաշտպանի համար պայքարում էին «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը»: Սակայն տեղափոխությունը չստացվեց: 

Ֆերնանդեշը իր թիմի կազմում հասցրել է դառնալ իսկական առաջատար և թիմի գրոհների հիմնական կազմակերպիչն ու ուղեղը: Բավական է նշել, որ Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ֆերնանդեշը 20 գոլի հեղինակ է դարձել: Համաձայնեք, հրաշալի ցուցանիշ է հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար: Իսկ ահա այս տարի, անցկացրած 5 հանդիպումներում ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 3 գոլի հեղինակ:

Բրունո Ֆերնանդեշից սպասելիքները շատ են: Ֆուտբոլիստը պետք է պահի նույն խաղամակարդակը որպեսզի կարողանա հաջորդ ամռանը ևս լինել գերակումբների թիրախում:

 

 

Պոլ Պոգբա-«Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա

Պոգբան  արդեն նվաճել է հեղինակավոր գավաթը իր ներկայիս թիմի կազմում: Որպես կանոն, Եվրոպա Լիգայում հայտնված գերակումբները մեծ ուշադրություն չեն դարձնում մրցաշարին: Սակայն, եթե հաշվի առնենք, թե ինչ մեծ մրցակցություն է ԱՊԼ-ում, ամենայն հավանականությամբ «Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ստանալու ճանապարհը կարող է գտնել նաև այս մրցաշարում: Պոգբան իր թիմի անվիճարկելի առաջատարն է, և ցանկացած մրցաշարում անգլիական ակումբը այս պահին մեծ հույսեր է կապում հենց այս խաղացողի հետ: Ֆրանսիացին այս ամռանը «Ռեալի» թիրախում էր և պետք է ամեն ինչ անի բարձր խաղամակարդակը պահելու համար:

 

 

Դոնիելլ  Մալեն-«ՊՍՎ», Հոլանդիա

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հոլանդիան երիտասարդ տաղանդների դարբնոց է: Ժամանակ առ ժամանակ առաջնության ակումբներից եվրոպական մեծ ֆուտբոլ են մուտք գործում հրաշալի ֆուտբոլիստներ: Մասնագետները այդպիսի ապագա են խոստանում նաև «ՊՍՎ»-ի նորաթուխ աստղ Դոնիելլ Մալենին: 20-ամյա երիտասարդ հարձակվողը նախորդ մրցաշրջանում ազգային առաջնությունում 10 գոլի հեղինակ է դարձել: Իսկ այս մրցաշրջանի 5-րդ տուրում «Վիտեսսի» հետ կայացած հանդիպմանը երիտասարդը 5 գոլի հեղինակ է դարձել: Պատահական չէ, որ ֆուտբոլիստը հրավիրվել է նաև Հոլանդիայի հավաքական: Նրա հետ հայրենիքում մեծ հույսեր են կապում:

 

 

Հենրիխ Մխիթարյան-«Ռոմա», Իտալիա

Վերջին մրցաշրջանում իտալական ակումբը ուներ հարձակվողական ոճի արագաշարժ կիսապաշտպանի կարիք: Խավյեր Պաստորեն չկարողացավ արդարացնել սպասելիքները և Հենոյի վրա «Ռոմայի» երկրպագուների կողմից մեծ պատասխանատվություն է դրվելու:  Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Մխիթարյանը վարձավճարով է տեղափոխվել ակումբ, ֆուտբոլիստը առանձնակի ջանասիրությամբ պետք է խաղա  եվրագավաթներում:

Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում այս մրցաշարի գավաթը  նվաճելու փորձ ունի արդեն: Իսկ անցած տարի «Արսենալի» հետ հասել է նաև եզրափակիչ:

Սպասելիքները  ֆուտբոլիստից մեծ են, քանի որ «Ռոմայում» նրա նորամուտը ևս հրաշալի է ստացվել:

Հաջողություն մաղթենք Մխիթարյանին և սպասենք գոլերի:

 

 

Իմմոբիլե- «Լացիո», Իտալիա

 

Իմմոբիլեն Իտալիայի առաջնության վերջին տարիների  ամենաստաբիլ հարձակվողներից է: Այս առաջնությունում  հարձակվողը մասնակցել է 3 խաղի և դարձել նույնքան գոլի հեղինակ:

Իտալիայում մրցակցությունը ևս թեժ է լինելու: «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ինտերը» իրենց կազմերով մի գլուխ բարձր են մնացածից և 4-րդ տեղի համար պայքարը կատաղի է լինելու: Այս գավաթը շանս է «Լացիոյի» համար անմիջապես հայտնվելու ՉԼ խմբային փուլում: Իսկ ով պետք է օգնի «լացիալներին», եթե ոչ նրանց առաջատար հարձակվողը:

 

Օբամեյանգ-«Արսենալ», Անգլիա

 

Այս ցուցակում չէր կարող չլինել նախորդ խաղարկությունում 8 գոլի հեղինակ դարձած հարձակվողը: «Արսենալը» թերևս այս մրցաշարում ամենաուժեղ կազմն ունի: Եթե հաշվի առնենք, որ թիմ տեղափոխված Նիկոլա Պեպեն դեռևս ադապտացվում է նոր թիմում, ապա սպասելի է, որ այս մրցաշրջանում ևս Օբամեյանգը կլինի լոնդոնցիների հարվածային ուժը:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Օբամեյանգը 5 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

 

 

Գեղամ Հարությունյան

Share |

Լրահոս

Loading...