Բռնցքամարտի ԱԱ. մարզիչները բողոքարկել են Բաչկովի մենամարտի արդյունքը

17:43 20.09.2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նարզչական կազմը բողոք է ներկայացրել մրցավարական անձնակազմին աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովի՝ կիսաեզրափակիչ մենամարտի վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը.

«Շնորհավորում եմ մեր շնորհալի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին՝ կարիերայի ընթացքում 2-րդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Չնայած դեռ ամեն ինչ որոշված չէ։

Մենամարտից հետո մեր մարզչական կազմը բողոք է ներկայացրել մրցավարական անձնակազմին։ Սպասում ենք պատասխանին և հուսով ենք, որ հաղթանակը կշնորհվի մեր բռնցքամարտիկին և Բաչկովին կտեսնենք եզրափակչում»,- գրել է Գևորգյանը:

Հիշենենք՝ հայ բռնցքամարտիկին կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտություն էր գրանցվել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյշոոու Դևիսի հետ մենամարտում:

Բաչկովն ապահովել էր Հայաստանի հավաքականի միակ մեդալն աշխարհի առաջնությունում: Գևորգյանն անդրադարձել է նաև հավաքականի մյուս 7 տղաներին, ովքեր մասնակցում էին տարվա կարևոր ստուգատեսին, սակայն անմասն մնացին մեդալներից.

«Բարձր եմ գնահատում նաև մեր մյուս բռնցքամարտիկների կատարած աշխատանքը, որոնցից մի քանիսին շատ քիչ չբավականացրեց մեդալի համար։ Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկներից շատերը տոնեցին 2-3 հաղթանակ, ինչը նշանակում է, որ հավաքականը ի զորու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել»,- եզրափակել է իր խոսքը Արթուր Գևորգյանը:

Share |

Լրահոս

Loading...