Չալյանը տաքություն ուներ, Ալեքսանյանը համառում էր. հավաքականի մարզիչներն ամփոփել են ըմբշամարտի ԱԱ-ն

13:50 20.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը և՛ գոհ և՛ դժգոհ է մեր ըմբիշների ելույթներից Նուր-Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը 2 մեդալ նվաճեց ԱԱ-ում և Տոկիո-2020-ի 2 ուղեգիր ապահովեց:

«Ե՛վ գոհ ենք, և՛ դժգոհ: Գոհ ենք, որ օլիմպիական 2 ուղեգիր ունեցանք, բայց մի քանի քաշային կարգերում տղաները կարող էին ավելի լավ մասնակցել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Թույլ մրցակիցներ չկային, մրցավարության տեսանկյունից էլ դժգոհություններ ունենք, քանի որ 63 կգ քաշային կարգում մեր ըմբիշին կարող էինք եզրափակչում տեսնել, 55 կգ քաշային կարգում ևս մեզնից միավորներ խլեցին, 57 կգ քաշային կարգում դարձյալ մրցավարական սխալներ եղան:

Հույսեր էինք կապում Արթուր Շահինյանի, Մաքսիմ Մանուկյանի և Գևորգ Ղարիբյանի հետ, որոնք չարդարացվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանն էլ նշել է, որ մրցավարության հետ կապված դժգոհություններից բացի, իրենց չի գոհացրել նաև վիճակահանությունը.

«Սա ամենաուժեղ աշխարհի առաջնությունն է վերջին 4 տարվա ընթացքում: Մասնակցում են ուժեղագույն ըմբիշները, որովհետև այն վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Կարող եմ ասել, որ շատ վատ էր վիճակահանությունը: Այն կարծես ստեղծված լիներ մի քանի երկրի համար: Այնպես էր ստացվել, որ Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտ անցկացրեց իր գլխավոր հակառակորդների հետ ու հասավ եզրափակիչ: Նույնը կարելի է ասել նաև 67, 60 կգ քաշային կարգերում, որոնք օլիմպիական քաշեր են:

Մրցավարությունը ևս ահավոր վատն էր: Մրցավարները ևս լարված էին, քանի որ իրենք էլ իրենց ստուգատեսն էին անցկացնում ու արդարացնելու դեպքում պետք է դառնան Օլիմպիական խաղերի մրցավարներ: 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանի գոտեմարտում այնպիսի միավոր տվեցին, որ ընդհանրապես չհասկացանք՝ ինչու: Չգիտեմ մեդալի կհասներ թե ոչ, բայց վստահաբար ևս մեկ ուղեգիր կունենայինք:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա այնպիսի մարզավիճակում էր, որ կարող էր ևս 5 մենամարտ անցկացնել ու չհոգնել, եթե վնասվածքը չլիներ», -ասել է Սամվել Գևորգյանն ու ևս մեկ անգամ ընդգծել, որ Արթուր Ալեքսանյանը ցանկանում էր վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին.

«Ամեն ինչ արեցինք, լավագույն մասնագետներ կային, գերմանացի բժիշկն էր զբաղվում, ինչքան ներարկեցին, միևնույն է ՝ ցավը կար: Կարող էր այդ պահին չզգալ, ու թոքերին վնաս լիներ: Մենք՝ մարզչական շտաբով ու ֆեդերացիայով, որոշեցինք, որ նա մեզ դեռ պետք է, չէինք կարող առողջության հետ խաղալ: Երկար զրուցեցինք Արթուրի հետ, համառորեն ցանկանում էր գոտեմարտել եզրափակչում: Առողջությունն ավելի կարևոր է: Այսօր պետք է հետազոտվի, ինչից հետո կհասկանանք, թե ինչպես պետք է բուժվի: Ամեն ինչ կանենք, որ  Օլիմպիական խաղերին պատրաստ լինի: Մի քանի ամիս պետք է անշարժ մնա»:

Էդուարդ Սահակյանը կարծիք է հայտնել նաև Սլավիկ Գալստյանի՝ Օլիմպիական քաշ տեղափոխվելու հավանականության մասին.

«Ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք ոչ մեկին չենք կարող արգելել: Բայց դեռ պետք է կարգավորել այդ հարցերը, քանի որ դա միայն Սլավիկին չի վերաբերում, քանի որ այլ ըմբիշներ էլ կլինեն, ովքեր գուցե քաշ փոխելու ցանկություն կունենան:

Մինչև Հայաստանի առաջնության մեկնարկը այդ հարցերին պատասխան կունենանք: Նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ կկազմակերպվի Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կհստակեցվի հավաքականի կազմը ու կպլանավորվի մեր հետագա աշխատանքները: Ըմբիշներին հնարավորություն կտրվի ընտրելու, թե որ քաշային կարգում են իրենք ցանկանում հանդես գալ»,- ասել է հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հավաքականի մարզիչները խոսել են նաև 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Կարապետ Չալյանի մասին, որն ԱԱ-ում անմասն մնաց մեդալից, բայց Օլիմպիական ուղեգիր ապահովեց.

«Չալյանը նախքան մրցումները, հիվանդ էր, անգինա ուներ: Այդ վիճակում մասնակցեց ու տեսաք՝ ինչպիսի պայքարի մեջ մտավ: Ինքը պայքարող տղա է, ուղղակի տակտիկական սխալ ցույց տվեց ու զրկվեց մեդալից: Կարող էր ցանկացած գույնի մեդալ նվաճել: 38 աստիճան տաքությամբ էր մասնակցում կիսաեզրափակչին»:

Հավաքականի մարզիչները վստահություն են հայտնել նաև, որ հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ին կմասնակցի առավելագույն 6 ուղեգրով:

Share |

Լրահոս

Loading...