Բարձրագույն խումբ․ 8-րդ տուրին ընդառաջ

13:51 21.09.2019

Սեպտեմբերի 21-ին և 22-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները։ Խաղային առաջին օրը կկայանա 3, իսկ երկրորդ օրը՝ 2 հանդիպում։ 

ArmSport.am-ն առաջարկում է ծանոթանակ սպասվելիք խաղերի տեղերին, ժամերին և այլ մանրամասնությունների։

«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան»

21.09.2019թ․, 16.00, Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Սիմոնյան

Երևանյան ակումբը նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ 7-րդ տուրում խոշոր հաղթանակ գրանցեց «Երևանի» նկատմամբ։ Ի տարբերություն ալաշկերտցիների՝ «Գանձասար-Կապանը» նախորդ տուրում միավորներ է կորցրել՝ պարտվելով Երևանի «Փյունիկին»։

Այսպիսով, 7-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 10 միավորով 5-րդ տեղում է, իսկ կապանյան ակումբն ունի 4 միավոր և տեղավորվել է 8-րդ հորիզոնականում։

«Երևան»-«Ուրարտու»

21.09.2019, 16.00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Մրցավար՝ Էդգար Սահակյան

«Երևանը» սեպտեմբերի 17-ին հայտարարեց նոր գլխավոր մարզչի՝ մոլդովացի Վլադ Գոիանի նշանակման մասին։ Մասնագետի հենց առաջին խաղում «Երևանը» արտագնա խաղում 1-5 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։ «Ուրարտուն», որը նախորդ տուրում Վանաձորում 1-2 հաշվով զիջեց տեղի «Լոռիին», շաբաթվա ընթացքում աչքի ընկավ հետաքրքիր նախաձեռնությամբ։

«Ուրարտու» ՖԱ-ն սկսել է լայնամասշտաբ համագործակցության ծրագիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների հետ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ այսուհետ աշակերտները հնարավորություն կունենան իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնել «Ուրարտու» մարզահամալիրում։ Նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է։

Այսպիսով, 7-րդ տուրից հետո «Երևանը» դեռևս միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» ունի ընդամենը 2 միավոր և նախավերջին տեղում է։

«Շիրակ»-«Արարատ-Արմենիա»

21.09.2019, 16.00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գյումրիի «Շիրակը», որը նախորդ տուրում հյուրընկալվել էր «Նոային», միավորներ կորցրեց։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Խաղը հատկանշական դարձավ դարպասապահ Վսևոլոդ Երմակովի համար, որն իր 50-րդ խաղն անցկացրեց գյումրեցիների կազմում։ Այս տուրում Բիչախչյանի սաներն ընդունելու են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», որն ընդամենը մեկ միավորով է հետ մնում «Շիրակից» և նախորդ տուրում հաղթանակի է հասել ընթացիկ առաջնության առաջատար «Արարատի» նկատմամբ։

Այսպիսով, 7-րդ տուրից հետո «Շիրակը» 14 միավորով 2-րդն է, իսկ «Արարատ-Արմենիան», որն ի դեպ երկու խաղ պակաս է անցկացրել, 13 միավորով՝ 3-րդը։

«Լոռի»-«Արարատ»

22.09.2019, 16.00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

«Լոռին» այս տուրին մոտենում է լավ տրամադրությամբ, քանի որ նախորդում սեփական հարկի տակ հաղթանակ է տոնել երևանյան մեկ այլ թիմի՝ «Ուրարտուի» նկատմամբ։ Իսկ Երևանի «Արարատը» ընդհակառակը․ 7-րդ տուրից առաջ ակումբը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոյի հեռանալու մասին, ինչը անակնկալ էր այս պարագայում, երբ երևանյան թիմը միանձնա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ամեն դեպքում, հենց նախորդ տուրում արարատցիներն առաջին պարտությունը կրեցին ընթացիկ առաջնությունում՝ զիջելով գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Այսպիսով, 7-րդ տուրից հետո «Լոռին» 13 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Արարատը», չնայած պարտությանը, շարունակում է 16 միավորով մնալ առաջատար։

«Փյունիկ»-«Նոա»

22.09.2019, 17.00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

«Փյունիկy» 7-րդ տուրում կարողացավ հաջողության հասնել «Գանձասար-Կապանի» հետ խաղում։ Այս խաղում իր առաջին գոլը թիմի կազմում խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Փյունիկի» նորեկ Արաս Օզբիլիսը։ Իսկ «Նոան» նախորդ տուրում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Շիրակի» հետ։

Այսպիսով, 7-րդ տուրից հետո «Փյունիկը» 9 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Նոան» 8 միավորով՝ 7-րդ։

 

 

 
 

     

 
Share |

Լրահոս

Loading...