Բագրատ Նավոյան. Ես չեմ սիրում թոշակ տալ, ֆուտբոլիստը պետք է խաղա ու աշխատավարձ ստանա

14:50 21.09.2019

«Ալաշկերտում» կրկին մարզչական փոփոխություն եղավ: Մրցաշրջանի մեկնարկից թիմը 4 խաղում ընդամենը 1 հաղթանակ էր տարել, կրել 2 պարտություն և 1 խաղ ավարտել ոչ-ոքի: 

Թիմի բյուջեն կրճատելու մասին լուրերի, 2 անընդմեջ հաղթանակների, նոր գլխավոր մարզչին դեռևս պաշտոնապես չներկայացնելու, առաջադրանքների ու Աբրահամ Խաշմանյանի հեռանալու մասին ArmSport.am-ը զրուցել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ:

- Վերջին երկու տուրերում «Ալաշկերտը» բավականին վստահ տեսք ունի: Ի՞նչ եք կարծում, թիմի այս «կերպարանափոխությունն» ինչո՞վ է պայմանավորված:

- Ինձ թվում է՝ դուք էլ եք զգում, որ թիմը շատ նորմալ ֆուտբոլ է ցուցադրում և, կարելի է ասել, ավելի են ուժեղացել այս երկու խաղերում: «Ալաշկերտը» միշտ էլ ուժեղ է եղել, պարզապես սկզբնական մի քանի խաղ չստացվեցին, բայց դա ոչ մարզչական շտաբի մեղքով էր, ոչ՝ թիմի: Պարզապես ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց մենք զգում ենք, որ ունենք շատ ուժեղ թիմ և ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք քառյակում տեղ գրավելու համար:

- Ըստ Ձեզ, այս պահին ձևավորված մարզչական շտաբն ամենաօպտիմա՞լն է «Ալաշկերտի» համար, թեպետ, Արմեն Ադամյանը դեռ պաշտոնապես հաստատված չէ մարզչի պաշտոնում:

- Ճիշտն ասած՝ մենք չենք ուզում շտապել: Լրատվամիջոցներն էլ են ասում, որ մենք անընդհատ պայմանագիր ենք կնքում Աբրահամ Խաշմանյանի հետ, խզում ենք այն, բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ էլ հնարավոր է: Աբրահամը՝ որպես մարդ, շատ հրաշալի անձնավորություն է, ես նրան շատ եմ հարգում, բայց մենք իրար հետ հասկացանք, որ փոփոխություն է պետք: Նա էլ շատ նորմալ ընդունեց տարբերակը: Պարզապես այդ ժամանակ թիմի խաղը չէր ստացվում, ոչ թե Աբրահամի հետ չէին խաղում: Հիմա ստացվում է խաղը: Ես Խաշմանյանին այդ հարցում չեմ մեղադրում, բայց զգում եմ, որ մեր թիմը գնալով ուժեղանում է: Միակ բանը, որից նեղացել եմ Խաշմանյանից, այն է, որ մի երկու անգամ ասել է, թե թիմը շատ թույլ է, երկու ուրիշ ուժեղ թիմ կա՝ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»: Բայց խաղը ցույց տվեց, որ այսօր ուժեղ ու թույլ թիմեր չկան, բոլոր թիմերն էլ հավասար են՝ նայած, թե ում բախտն ինչպես կբերի: «Երևանը» «Լոռիի» հետ խաղում է, վանաձորյան թիմը հազիվ վերջին վայրկյաններին է գոլ խփում, իսկ մենք պարտվում ենք «Լոռիին» 2-1 հաշվով, իսկ այս խաղում ցույց տվեցինք, որ 5-1 հաշվով հաղթեցինք, բայց կարելի էր 5 գոլ էլ խփել:

- Պարոն Խաշմանյանը նաև նշել էր, որ ակումբում ֆինանսական խնդիրներ կան, Դուք որոշել եք բյուջեն կրճատել 50 տոկոսով: Այդ մասին ի՞նչ կասեք:

- Բյուջեն այս պահին էլ կրճատված է 50 տոկոսով: Տղաների առջև պայման է դրված, նույնը Աբրահամ Խաշմանյանին էի ասել, որ մենք 2-3 խաղ անցկացնելու ենք 50 տոկոսով կրճատված բյուջեով, եթե թիմն առաջ գնա, հաղթանակներ լինեն, բյուջեն նորից վերականգնվելու է, բայց նա չընդունեց այդ տարբերակը: Բայց թիմում մարդիկ կան, որ այս ամիս կարող է աշխատավարձ էլ չստանան, քանի որ իրենք պետք է ապացուցեն. ես չեմ սիրում թոշակ տալ, ֆուտբոլիստը պետք է խաղա ու աշխատավարձ ստանա: Նրանք հաղթանակի համար էլ իրենց պարգևավճարներն են ստանում, ինչը նույն կերպ շարունակվելու է:

- Այսինքն, բյուջեի կրճատումը ոչ թե մշտական բնույթ է կրելու, այլ ժամանակավոր հարց է:

- Ոչ, ոչ, ոչ մի մշտական բան: Ես նույն բանը ասել եմ Խաշմանյանին: 50 տոկոսով բյուջեն կրճատվում էր, քանի որ թիմը պարտվում էր, 4 խաղից 4 միավոր էինք վաստակել, իսկ ես չեմ սիրում գումարը վատնել: Պետք է որոշ փոփոխություններ լինեն: Երբ կպնում ես գումարին, թիմը սկսում է խաղալ: 

- Իսկ նոր մարզչական շտաբի առաջ ի՞նչ խնդիր եք դրել:

- Առայժմ չեմ ուզում շտապել: Ես գոհ եմ բոլոր մարզիչներից էլ: Եթե ամեն բան լավ ընթանա, նրանք են լինելու մեր հիմանական մարզիչները: Բայց եթե, Աստված մի արասցե, նորից զգամ փոփոխություններ, արդեն պետք է բյուջեն ավելացնեմ ու դրսից մարզիչներ հրավիրեմ: Բայց, կրկնում եմ, շտապել չեմ ուզում: Ես զգում եմ, որ և´ Ադամյանը, և´ Ոսկանյանը լավ վիճակում են, թիմը նրանց նորմալ ընդունում է: Թիմին որպես մարզիչ օգնում է նաև մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը: Թիմում լավ մթնոլորտ է, լավ տրամադրությամբ սպասում են հաղթանակից հետո հասանելիք պարգևավճարներին:

- Դուք մի քանի տարի շարունակ տեղացի մասնագետների ու հիմնականում հայ խաղացողներից կազմված թիմով լավ հաջողությունների եք հասել առաջնությունում էլ, եվրագավաթներում էլ: Այս տարվա համար «Ալաշկերտի» առջև դրված առաջադրանքը ո՞րն է:

- «Ալաշկերտը» պետք է պայքարի չեմպիոնության համար: Վատագույն դեպքում՝ եվրագոտու ուղեգրի համար: Մեր հիմնական նպատակը դա է, եթե չլինի՝ իմաստ չունի թիմ պահել: Ժամանակի հետ մյուս թիմերն էլ են ուժեղացել: Նախորդ տարիներին կարելի էր ասել, որ գրեթե հավասար թիմեր էինք, բայց հիմա գնալով ուժեղանում են թիմերը: Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, եթե զգանք, որ որևէ դիրքում թույլ տեղ ունենք, դեկտեմբերից պետք է ուժեղացնենք այդ դիրքերը: 

- Իսկ շեշտն այդ ժամանակ կդնեք լեգեոներների վրա՞:

- Ոչ: «Ալաշկերտը» միակ թիմն է, որը հույսը դնում է տեղացի խաղացողների վրա: Մեր թիմի 24 ֆուտբոլիստներից 16-ը հայ տղաներ են: Եվ մենք զգում ենք, որ բոլորն էլ հավաքականի թեկնածուներ են, ունենք Ղադիմյան, Ավագիմյան, որոնք ևս ձգտելու են հավաքականում տեղ գրավելու: 

- «Երևանի» հետ Ձեր թիմի խաղին որոշ ժամանակով ներկա էր նաև Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Նրա հետ զրույց ունեցե՞լ եք: 

- Զրույց չենք ունեցել, բայց ես նկատում եմ, որ Գյուլբուդաղյանցը գրեթե բոլոր խաղերին էլ ներկա է լինում: Դա շատ կարևոր է: Ուրախ կլինեի, որ բոլոր մասնագետներն էլ, որոնք առնչվում են ֆուտբոլի հետ, հնարավորության դեպքում բոլոր խաղերին էլ ներկա լինեին: Դա շատ օգուտ կտա:

- Իսկ Ձեր թիմից հավաքական գնացող տղաների խաղն ինչպե՞ս կգնահատեք:

- Ես գտնում եմ, որ մերոնցից Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը արտակարգ խաղ ցուցադրեցին: Ոսկանյանը ոտքն էր ցավեցրել: Հաջորդ խաղում նա էլ կրկին խաղադաշտ դուրս կգա: Ես հույս ունեմ նաև, որ Գագիկ Դաղբաշյանն էլ կրկին իր տեղը կգտնի հավաքականում: Նա դրա համար ամեն ինչ անում է: Կարծում եմ, որ այդ դիրքի համար Գագիկն ամենաուժեղներից մեկն է:

- Պարոն Նավոյան, ես այս հարցը նաև Աբրահամ Խաշմանյանին եմ տվել, կցանկանայի լսել նաև Ձեզ: Ինքներդ էլ նշեցիք, որ Խաշմանյանը մի քանի անգամ հեռացել է, կրկին վերադարձել: Նման բանի կարո՞ղ ենք նորից սպասել, թե՞ այս անգամ վերջնական է:

- Ամեն ինչ էլ հնարավոր է: Մարդիկ էլ բաժանվում են, հետո նորից միանում են: Ֆուտբոլում էլ ամեն ինչ հնարավոր է, երբեք մի ասա երբեք: Աբրահամն իմ ընկերն է, իմ կողքին է, մենք հանդիպում ենք, զրուցում ենք, բայց ֆուտբոլ է, չստացվեց: Նա ինձ շատ լավ հասկացավ: «Ալաշկերտի» վատ արդյունքներն իր մեղքը չէին:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...