«Փյունիկ» ՖԱ-ն հայտնում է իր մտահոգությունը Արտակ Սիմոնյանի նշանակման վերաբերյալ

14:58 21.09.2019

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման սպասարկումը վստահված է Արտակ Սիմոնյանին:

Այս կապակցությամբ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ու հայտնում է իր խիստ մտահոգությունն ու զարմանքը:

«Մայիսի 21-ին ՀՖՖ մրցավարական կոմիտեի կողմից կայացվել էր որոշում՝ մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման խիստ կասկածելի մրցավարության դեպքի առիթով, որը փաստացի ունեցավ էական ազդեցություն չեմպիոնության որոշման համար, «սկսել ներքին քննություն, իսկ մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը»:

Նշենք, որ այս չորս ամիսների ընթացքում որևէ տեղեկատվություն, հրապարակային կամ ոչ հրապարակային, չի ներկայացվել հանրությանը կամ ֆուտբոլային ակումբներին որպես անկողմնակալ մրցավարության առաջնային շահառուների՝ վերոնշյալ ներքին քննության ընթացքի, ավարտի և արդյունքների մասին, որի հետևանքով Արտակ Սիմոնյանին նորից վստահվել է սպասարկել Բարձրագույն խմբի հանդիպում:

Նման ոչ թափանցիկ ձևաչափով որոշումների կայացումը, այդ որոշումների հիմնավորումները հանրությանը չներկայացնելը որևէ կերպ չի նպաստում մրցավարական կորպուսի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Ուստի, հորդորում ենք տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ ներքին քննության արդյունքների և նրա որակազրկումը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Share |

Լրահոս

Loading...