ՀՖՖ-ից սպառնում էին, որ ԱԱԾ-ն որս է սկսելու մեր դեմ. Որտեղ են ավարտվում ֆան-շարժման իրավունքները և սկսվում՝ ֆուտբոլասերներինը

12:47 22.09.2019

Հայկական ֆուտբոլային կրքերն առաջիկայում սպասվում է, որ կփոխեն իրենց աշխարհագրությունը։ Ֆուտբոլասերների ուշադրությունը մարզադաշտից կսևեռվի դատական համակարգ՝ հետևելու ՀՖՖ – «Red Eagles» ֆան-շարժում դիմակայությանը։ 

Հայաստանի ազգային հավաքականի՝ Red Eagles ֆան-շարժման անդամներն իրավաբանների օգնությամբ դատական հայց են պատրաստում ընդդեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի՝ իրենց իրավունքները ոտնահարելու համար։ 

ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարություններից մեկում արդեն տեղեկացել էինք, որ հավաքականի վերջին 2 ընտրական հանդիպումներին արգելվել է մեկ անձի մուտքը մարզադաշտ․ նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ։ 

Հայտարարության մեջ նշված մեկ անձը հենց ինքն է՝ Դենիս Սարգսյանը՝  Red Eagles ֆան շարժման հիմնադիրը, որը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացնում է, որ ՀՖՖ-ից իրենց համար խոչընդոտներ ստեղծելու գործընթացն արդեն 8-9 ամսվա մեկնարկ ունի։  

«Ամեն ինչ սկսվել է Լիխտենշտեյնի հետ խաղից հետո, բայց պատմեմ վերջին երկու խաղերի մասին: Հայաստան-Իտալիա խաղից 2 օր առաջ ՀՖՖ-ին տեղեկացրինք, որ ակցիա ենք մտադիր իրականացնել, ուղարկեցինք բովանդակությունը: Երեկոյան մեզ պատասխանեցին, որ մեզ արգելվելու է մարզադաշտ մտցնել բոլոր տեսակի ատրիբուտիկաները, պաստառները և թմբուկները: ՀՖՖ-ում կարծում էին, որ մեր պաստառով վիրավորում ենք Իտալիային»,- իր խոսքում նշում է Դենիս Սարգսյանը:

Պաստառի վրա պատկերված է եղել Կոլիզեյը, հավաքականի ֆուտբոլիստները, արծիվը, որը գրավել է Կոլիզեյը, և կրակներ:

«ՀՖՖ-ից ասում են՝ ինչպե՞ս եք պատկերացնում թույլ տայինք այդ պաստառը մտներ մարզադաշտ: Բայց եկեք հասկանանք, որ մեզ առհասարակ որևէ բան չեն թողել մտցնել մարզադաշտ: Կարող էին ասել՝ պաստառի այս ինչ կետերը վերացրեք, ու թույլ կտանք: Նման դեպք արդեն եղել է: Վերջին հանդիպումներին մեծ ծավալի խոչընդոտներին զուգահեռ սկսեցին արգելել նաև շարֆեր կրել»,- պատմում է Դենիս Սարգսյանը։ 

Վերջինս հայտարարում է նաև, որ  իրենց ֆան-ակումբի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել այս ընթացքում։

«Հայաստան-Իտալիա խաղին ֆեդերացիայի՝ անվտանգության գծով աշխատակիցները մոտեցան մեր անդամներին ու ասացին. «Տեսեք՝ Բոսնիայի հետ խաղից հետո ձեր հանդեպ ինչ որս է սկսվելու ԱԱԾ-ի կողմից ու մենք ամեն ինչ անելու ենք, որ Red Eagles ֆան ակումբը գոյություն չունենա»:

Պետք է նշեմ նաև, որ Արթուր Վանեցյանի հետ հանդիպումներից ու նրա մարդկային տեսակը որոշ չափով ճանաչելուց հետո համոզված ենք, որ նա երկրպագուների դեմ նման որոշումներ չէր կայացնի, օրինակ շարֆեր մարզադաշտ մտցնելը: Մենք նաև ներքին ինֆորմացիա ունենք, որ Արմեն Մելիքբեկյանը մեր դեմ մեծ աշխատանքներ է տանում ու ամեն ինչ ճիշտ չի ներկայացնում Արթուր Վանեցյանին»,- եզրակացնում է Դենիս Սարգսյանը:

«Red Eagles» ֆան-շարժումը մարզական լրահոսում պարբերաբար հայտնվել է ոչ միայն իր վառ ֆան-ակցիաներով։  Սկանդալային մի քանի միջադեպեր դեռևս հիշողության մեջ թարմ են մնում։

Նախորդ տարվա աշնանը Հայաստանի ազգային հավաքականի Ջիբրալթարի հետ տնային խաղից հետո ՀՖՖ-ն  ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից տուգանվեց 18 000 եվրոյով՝ «Red Eagles» և «FAF» ֆան-շարժումների բախումների պատճառով։ 

Մարտ ամսին «Red Eagles» ֆան-շարժման անդամները Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Ֆինլանդիայի հետ կայացած խաղի վերջնամասում ճայթրուկներ էին վառել «Հանրապետական» ստադիոնում, որից հետո ֆան-շարժման երկու անդամներ բերման էին ենթարկվել

Ապրիլին ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Փյունիկ»-ին տուգանեց 100 000 դրամով՝ «Լոռի»-ի հետ տնային խաղում «Red Eagles»-ի թույլ տված անկարգությունների պատճառով․ «Խաղի 12-րդ րոպեին հանդիսականները տրիբունայում ձայնային և ծխային ճայթրուկներ օգտագործեցին, դաշտը ծածկվեց ծխով, դաշտում տեսանելիությունը վատացավ, որի պատճառով խաղն ընդհատվեց 2 րոպե 20 վայրկյանով», -ասված է ՀՖՖ-ի արձանագրության մեջ։ 

«Red Eagles» -ի  մամուլի ասուլիսից հետո ArmSport-ի հարցմանն ի պատասխան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հնչած մեղադրանքների ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ.

«Որպես Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների կազմակերպիչ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնորդվում է բացառապես ՀՖՖ Տոմսային քաղաքականության և ՀՖՖ մարզադաշտերում անվտանգության կազմակերպման և ապահովման կանոններով: Այդ փաստաթղթերը ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել էին դեռևս Եվրո-2020-ի ընտրական փուլից առաջ:

Ի լրումն վերոնշյալի՝ հայտնում ենք, որ, ինչպես մեզ տեղեկացրել են ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունից, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից հետո՝ ս.թ. հունիսի 24-ին, քրեական գործ է հարուցվել Red Eagles ֆան-շարժման ղեկավար Դենիս Սարգսյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ:

Քրեական վերոնշյալ գործի համաձայն՝ նշված անձինք վստահությունը չարաշահելու եղանակով ՀՖՖ-ին պատճառել են խոշոր չափերով գույքային վնաս: Սույն քրեական գործով ՀՖՖ-ն նախաքննական վարույթում ճանաչվել է տուժող կողմ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է թույլ չտալ Դենիս Սարգսյանի մուտքը մարզադաշտ մինչև սույն գործով վճռի կայացումը»:

Դենիս Սարգսյանից տեղեկանում ենք նաև, որ դեռևս փետրվարին ՀՖՖ-ն իրենց առաջարկել է  ստորագրել մի փաստաթուղթ, որը սահմանում էր ըստ էության ֆան ակումբի իրավուքների և պարտավորությունների շրջանակը։  Աբսուրդային որակելով առաջարկված պայմանները՝ Red Eagles-ի հիմնադիրը թվարկում է, թե ինչ կետերի հետ համաձայն չեն եղել․

«Պայմանները հետևյալն էին. բոլոր տեսակի ակցիաները իրականացնելուց առաջ մենք թույլտվություն պետք է ստանայինք ՀՖՖ-ից: Օրինակ, եթե ցանկանում ենք բողոքի ակցիա իրականացնել ՀՖՖ-ի դեմ, պետք է գնանք ու թույլտվություն հարցնենք ֆեդերացիայից:

Մյուս կետն այն մասին էր, որ ֆան-ակումբը պետք է գնի ֆան-շարժման վերջին 3 շարքերի տոմսերը ու չօգտագործի: Այսինքն ամեն խաղին 500-600 հազար դրամի տոմս պետք է գնեինք ու դատարկ թողնեինք, որպեսզի մեզնից հետև նստող երկրպագուներին չխանգարեինք, քանի որ մենք կանգնած ենք երկրպագում»: 

Այս ամենը դեռ ոչինչ՝ ֆուտբոլի հայտնի երկրպագուին ամենից շատ վրդովվեցրել է այն կետը, համաձայն որի, եթե ֆան-շարժման անդամներից մեկի պատճառով ՈւԵՖԱ-ն տուգանի ՀՖՖ-ին, ուրեմն այդ տուգանքը պետք է վճարի ֆան-ակումբը:

«Եկեք մի պահ պատկերացնենք, թե ֆանատն ո՞վ է։ Ֆանատը տաքարյուն մի կերպար է, որի գործողություններն անկանխատեսելի են։ Օրինակ, հավաքականի հաղթանակի կամ պարտության դեպքում երկրպագուն ուրախությունից կամ բարկությոնից կարող է մտնել մարզադաշտ, դրա հետ կապված տուգանքները մենք պետք է վճարեինք։

Կամ բողոքի ակցիա ունենք անելու, օրինակ պիրոտեխնիկայով, որը տուգանք է Ֆեդերացիային, մենք պետք է վճարեինք այդ տուգանքները», - վրդովված է Դենիս Սարգսյանը:

Դենիս Սարգսյանի այս վրդովմունքից հետո, հետին պլան են մղվում մեր բոլոր փորձերը հասկանալու, թե որտեղ են թաղված այս վեճի իրական պատճառները։  Այստեղ հաջորդում են մեր՝ սովորական երկրպագուներիս զարմանքը․ իսկ ո՞վ է մեզ պաշտպանելու «տաքարյուն ֆանատի անկանխատեսելի գործողություններից» և որտեղ են սկսվում մեր իրավունքները։ Ֆուտբոլային պատմությունը ցավոք  ֆանատների անկառավարելի բախումների զոհերի մասին շատ հուշագրություններ ունի և այդ ֆոնին համադրելի չեն որևէ երկրպագության վառ շոուները  կամ ֆանատի հետխաղային կրքերը։ 

Հայկական ֆուտբոլը կարծես զարգացման նոր պատմություն կերտելու փորձեր է անում, և բոլոր երկրպագուները, այդ թվում ֆան-շարժումները, եթե իրական երկրպագուներ են, ապա պետք է իրենց գործողություններով նոր գլխացավանք չդառնան առանց այդ էլ խնդիրների պակաս չունեցող մեր ֆուտբոլի համար և իրենց ֆուտբոլային կրքերը բորբոքեն թույլատրելիի շրջանակներում։

Share |

Լրահոս

Loading...