Վախկոտություն. Քարաբաղի մարզիչը՝ Արցախի դրոշով ակցիայի մասին

09:44 04.10.2019

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ ՖԱՖ-ի ակցիայի շրջանակում դաշտում դրոնի միջոցով հայտնված Արցախի դրոշը զայրացրել է ադրբեջանական թիմի ֆուտբոլիստներին: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը:

«Ես դեմ եմ նման բաներին սպորտում: Առաջին անգամը չէ, երբ նման բան է տեղի ունենում: Անցած անգամ ես առանձնապես չխոսեցի այդ մասին, քանի որ չեմ ցանկանում խոսել նրանց մասին: Որպես ադրբեջանցիներ, ղարաբաղցիներ, մենք միշտ փորձում ենք ցույց տալ մեր մշակույթը, որտեղ էլ՝ լինենք: Միշտ փորձում ենք մարդկային լինել: Այո, պարտություններ լինում են, բայց նման սադրանքն ուղղակի վախկոտություն է»,- ասել է Գուրբանովը ու պատմել, թե այդ քայլը որքան է զայրացրել իր ֆուտբոլիստներին.

«Ես հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ, որ մարզում եմ «Քարաբաղը», որ այսպիսի կոլեկտիվ ունեմ: Մենք չպետք է տրվենք նման սադրանքների: Խաղը 15-20 րոպեով դադարեցվեց: Սակայն մենք փորձեցինք առավելագույնս ցույց տալ մեր պրոֆեսիոնալիզմը, դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր կարգապահությունը դաշտում: Այո, հանդերձարանում տղաները վշտացած էին, զայրացած ու դժվար էր նրանց նորից տրամադրելը խաղին: Սակայն, ամեն դեպքում ես շնորհակալ եմ իմ տղաներին, որ նրանք լսեցինք ինձ ու իրենց իսկական հաղթողների պես պահեցին: Կարծում եմ՝ նման սադրանքները հետագայում էլ կկրկնվեն, բայց ամեն անգամ նման բան անելն, ըստ իս, էժանագին է»,- ադրբեջանական թիմի գլխավոր մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք՝ «Քարաբաղի» ֆուտբոլիստներից մեկը, «Դյուդելանժի» հետ խաղում տեսնելով Արցախի դրոշը, փորձել է գնդակով հարվածել դրոնին, սակայն՝ շատ անհաջող: Հյուրերի մարզիչը թիմին դուրս է բերել դաշտից, 5 րոպե անց խաղը վերսկսվել է, իսկ ադրբեջանական թիմը 4:1 հաշվով հաղթանակ է տարել:

Share |

Լրահոս

Loading...