Շտապ հանել դուրս․ Կուրտուայի փոխարինման իրական պատճառի հանելուկը

11:33 04.10.2019

Մի՞թե պարադոքս չէ, երբ քո թիմի դարպասը պաշտպանում է մի դարպասապահ, ում պաշտպանած դարպասին տարիներ առաջ քո թիմի ավագը խփել է քո թիմի պատմության ամենակարևոր գոլերից մեկը ու այդ ամենը ոխերիմ թշնամու դեմ Եվրոպայի ակումբային չեմպիոնի համար պայքարի վերջին վայրկյաններին։ 

Ողջու՛յն։ Այսօր խոսելու ենք 2018 թվականի աշխարհի լավագույն դարպասապահի մասին։ Այո՛, դուք ճիշտ կարդացիք։ Հենց Տիբո Կուրտուան էր մոլորակի լավագույն կիպերը 2018-ին։ Նույն տարվա ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ձեռքբերման՝ Մարիանո Դիասի շնորհանդեսի ժամանակ Ֆլորենտինո Պերեսը հպարտությամբ փաստեց, որ հիասքանչ տրանսֆերային քաղաքականություն են վարել, ու որպես մեծագույն ձեռքբերում նշեց․«մենք գնել ենք աշխարհի լավագույն դարպասապահին»։

Եվ ուրեմն ու՞ր է իրական Կուրտուան (մտածող սմայլիկ)

Նախ հասկանանք, թե ինչու ենք խոսում այդ մասին հիմա։ «Բրյուգեի» դեմ ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Կուրտուան դարձյալ իր բարձրության վրա չէր։ Թեպետ ի՞նչ բարձրություն։ Խաղից հետո նա անգամ մեքենան չի կարողացել վարել։ Զիդանն ու իսպանական լրատվամիջոցները փաստեցին, որ Կուրտուան առողջական խնդիրներ է ունեցել ընդմիջմանը ու հենց դա է եղել փոխարինման պատճառը։ Բայց հավատու՞մ եք։ Եթե նույնիսկ դա այդպես է․․․լավ, եկեք պարզենք այս հանելուկի իրական պատասխանը։

Չի կարող աշխարհի լավագույն դարպասապահը ինչ-որ մի պահի դադարել շատ լավ դարպասապահ լինելուց։ Տիբո Կուրտուան իրականում ուժեղ դարպասապահ է նաև հիմա, բայց նա չի հաղթահարում այն ճնշումը, որը կա երկրպագուների ու մամուլի կողմից։ Դեռևս նախորդ մրցաշրջանի մեկնարկում մի քանի անհաջող խաղերից հետո Կուրտուան չդիմացավ ու հայտարարեց, որ իսպանական մամուլը փորձում է կործանել իրեն։ Իրոք որ, Իսպանիայում չեն խնայում ոչ մի ֆուտբոլիստի․․․

Ի՞նչ եղավ հետո

Սարսափելի մրցաշրջանը մնաց անցյալում, եկավ նորը, վերադարձավ Զիդանը։ Ֆրանսիացի մասնագետը չի սիրում ռոտացիայի դիմել դարպասապահի դիրքում։ Այդ մասին նա բազմիցս էր ասել ու պարզ էր, որ ամռանը երկու հիմնական դարպասապահներից մեկը (Կեյլոր Նավաս, Տիբո Կուրտուա) պետք է հեռանա։

Անկեղծ ասած, ամռանը «Ռեալի» ցուցադրած անհասկանալի ֆուտբոլը թվում էր՝ կստիպի Զիդանին թիմում պահել այս երկու դարպասապահներին։ Երբ օգոստոսի երկրորդ կեսին սկսվեց Լա լիգան, Զիդանը որոշեց մեկնարկային կազմում տեղ տալ Կուրտուային։ Սկսեցին գրել Նավասի՝ ՊՍԺ հեռանալու մասին, իսկ Զիդանը, ի պատասխան այդ հայտարարությունների, ասաց, որ չի պատկերացնում «Ռեալը» առանց Կեյլորի։ Կեյլորը գնաց, բայց Զիդանը, կարծես թե, ճիշտ էր։

Զարհուրելի խաղակես, հանելուկային ընդմիջում

Մենք Հայաստանում ենք, չունենք ինսայդերներ Իսպանիայում։ Մադրիդի «Ռեալի» հանդերձարանն էլ այն տեղը չէ, որտեղից կարող է տեղեկատվության արտահոսք լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս պարզենք, թե ինչ է եղել ընդմիջմանը։ Փորձենք տրամաբանել, թե ինչու Կուրտուան փոխարինվեց ու դաշտ դուրս եկավ Ալֆոնս Արեոլան, ով «արքայական» ակումբում է հայտնվել Կեյլոր Նավասի տրանսֆերի արդյունքում, մեկ տարով` վարձակալական հիմունքներով։

Առաջին կեսում «Ռեալը» երկու գնդակ բաց թողեց։ Առաջինում Կուրտուան ուներ իր մեղքը։ Այո՛, գոլը կուրիոզ ստացվեց, խաղից հետո Զիդանը ևս այդ կարծիքին էր, բայց այդ ծիծաղելի գոլում բելգիացին ևս ուներ իր մեղքի չափաբաժինը։ Անվստահ ու անհասկանալի ցատկ․․․Ինչևէ։ Երկրորդ գոլը բերեց Լուկա Մոդրիչը։ Ռամոսի հետ միմյանց չհասկացան ու Կուրտուան դարձյալ չփրկեց։ «Սանտիագո Բեռնաբեուն» շատ ուժեղ սկսեց սուլել Տիբոյին։

Ընդմիջմանը պարզ դարձավ, որ Կուրտուան առողջական խնդիրներ ունի, անգամ ասում են, թե իբր փսխել է ընդմիջմանը։ Բայց մի՞թե այդ ամենը գոնե շատ չնչին կերպով չէր զգացվում խաղից առաջ։ Նախախաղային մարզման, վազքերի ու ցատկերի ընթացքում Կուրտուան պետք է որ զգացած լիներ անհարմարությունները։ Եթե մոռանանք հիմնական վարկածը, կարող ենք ենթադրություններ անել, որ Կուրտուան, ամեն դեպքում որոշակի անհարմարություններ ունենալով, խնդրել է Զիդանին փոխարինել իրեն, բայց գլխավոր պատճառը եղել են սուլոցները, որոնց ներքո Տիբոն անվստահություն է զգացել։ Գուցե բելգիացու ինքնազգացողությունը վատացել է հենց խաղակեսի զարհուրելի երկու գոլերից, բայց մեկ բան ակնհայտ է, Կուրտուայի հետ ինչ-որ բան կատարվում է։

Դարպասապահը թիմի կեսն է

Օրեր առաջ ընկերներիցս մեկի հետ քննարկում էինք Կուրտուայի շուրջ ստեղծված վիճակը։ Շատ ճիշտ դիտարկում հնչեց, որի մասին ուզում եմ կիսվել նաև այստեղ։ Կուրտուայի անվստահությունը երբեմն այնքան վիթխարի է լինում, որ փոխանցվում է խաղընկերներին։

Մայիսի 24, 2014 թվական։ Սերխիո Ռամոսը խփում է կարիերայի ամենահայտնի գոլը՝ փրկելով իր թիմին պարտությունից «Աթլետիկոյի» դեմ ՉԼ-ի եզրափակչում։ «Ռոխիբլանկոսները» հաղթում էին «արքայական» ակումբին մինչ 92։48 վայրկյանը շնորհիվ Իկեր Կասիլյասի կոպտագույն սխալի․․․

Եվ իսկապես։ Դարպասապահը թիմի կեսն է։ Երբ գիտես, որ թիկունքում կանգնած է անվստահ մեկը, կարող ես սխալվել նաև դու միայն նրա համար, որ մտածում ես այդ թիկունքում կանգնած մեկի անվստահության մասին։ Այդպես էր Մոդրիչի պարագայում, Ռամոսի, Կազեմիրոյի․․․Շատերն են մանկական սխալներ թույլ տալիս, ԲԱՅՑ։ Չէ՞ որ դարպասապահն էլ այդ վերջին խաղացողն է, ով պետք է շտկի խաղընկերների բացերը։ Կուրտուային դա գրեթե չի հաջողվում, իսկ Արեոլան երկրորդ կեսում Ռամոսի սխալից հետո փրկեց թիմին ու, ով գիտե, փրկեց այդ միավորը։

Ալֆոնս Արեոլան համար մե՞կ

Զիդանը պետք է որոշում կայացնի առաջիկա հանդիպումների համար։ Կարծես թե ակնհայտ է դառնում, որ Կուրտուան կորցնում է վստահությունը։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ «Գրանադայի» դեմ խաղում «արքայական» ակումբի դարպասը հենց ֆրանսիացին է պաշտպանելու։ Արեոլան ժամանակավորապես է «Ռեալում»։ Դա ակնհայտ է։ «Ռեալը» նրան բերեց մեկ տարով։ Նրա հեռանալու ժամանակ կվերադառնա Լունինը, ով կդառնա թիմի երկրորդ դարպասապահը։ Սակայն ոչինչ բացառել պետք չէ։ Ժամանակավորապես Մադրիդ եկած տղան կարող է հայտնի անգլիական տողի կրողը դառնալ․ from zero to hero.

Այո՛, նա շատ վստահ տեսք ունի իր անցկացրած 1 և կես խաղերում, նա որակյալ դարպասապահ է։ ՊՍԺ-ն ուզում էր ազատվել Արեոլայից մի պարզ պատճառով․ նա ֆուտբոլիստ է, ով լավ է խաղում այն ժամանակ, երբ տրամադրությունը տեղն է, իսկ Փարիզում այդ տրամադրությունը կորել էր ի սպառ։ Ռուսերենում մի գերազանց բառ կա այդ իրավիճակը բնութագրող՝ кураж։ Այո՛, եթե Արեոլան բռնի այդ кураж-ը կարող է խաղալ շատ լավ։ Ակնհայտ է, որ նրա մոտ պիկ շրջան է։ Կուրտուայի անվստահության ֆոնին նա գերազանց է նայվում։ 135 րոպե անառիկ պահելով սեփական դարպասը՝ նա կարող է առայժմ դառնալ համար մեկը Մադրիդում․․․

«Լավ մարդ լինելը նման է լավ դարպասապահ լինելուն։ Կապ չունի, թե քանի գոլեր ես դու փրկել, մարդիկ կհիշեն միայն նրանք, որոնք բաց ես թողել․․․», - ու մեջբերելով մեծագույններից մեկի՝ Իկեր Կասիլյասի այս շշմեցուցիչ խոսքերը ուզում եմ ասել․ների՛ր ինձ Տիբո, թե փայլելու ես մի օր Մադրիդի սպիտակ հատվածում ևս․․․

Արամ Սահակյան

Share |

Լրահոս

Loading...