Ադամյանի բերած պատմական հաղթանակը․ Հոֆենհայմը նախկինում երբեք չէր հաղթել Բավարիային Մյունխենում

09:10 06.10.2019

Բունդեսլիգայի 7-րդ տուրը դեռ երկար է մնալու հայ ֆուտբոլասերների հիշողություններում։ Երկրի գործող չեմպիոնի դարպասը երկու գնդակ ուղարկեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Այդ գոլերի շնորհիվ «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բավարիային»։ 

Ինչպես հաղորդում է Opta-ն, այս հաղթանակը մի քանի պատճառներով նշանակալի է եղել «Հոֆենհայմի» համար։ Նախ Ալֆրեդ Շրոյդերի թիմը ընթացիկ մրցաշրջանում առաջին արտագնա հաղթանակը տոնեց։ Սակայն հաղթանակը առավել քան պատմական էր։ Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» իր պատմության ընթացքում առաջին անգամ հաղթեց «Բավարիային» արտագնա խաղում։ Նախկինում Մյունխենում անցկացրած 11 խաղերից 9-ում «Հոֆենհայմը» պարտվել էր, 2 խաղ էլ ավարտվել էր ոչ-ոքի։ 

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը երեկ առաջին անգամ էր հայտնվել «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում։ Հայ ֆուտբոլիստը երկու անգամ խոցեց Մանուել Նոյերի դարպասը։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։ 

Սարգիս Ադամյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական մասնակցելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումներին՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ։ 

Share |

Լրահոս

Loading...