Օգոստոսի 9-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», որպես մրցակից, բաժին հասավ Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»:
Կիպրոսի առաջնության 2019/20 մրցաշրջանը հայտնի պատճառներով վաղաժամ էր ավարտվել։ Երկրի Ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել, ըստ որի, «Օմոնիան» ճանաչվել էր վաղաժամ ավարտված առաջնության չեմպիոն. թիմը վաստակել էր 46 միավոր և 1-2-րդ հորիզոնականները կիսել «Անորտոսիսի» հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է հռչակվել հենց «Օմոնիան»:
«Օմոնիան» հիմանդրվել է 1948թ-ին, ներկայացնում է Նիկոսիա քաղաքը։ Այն ամենատիտղոսակիր թիմերից է Կիպրոսում, որի «ոսկե դարաշրջանը» կարելի է համարել 1970-80-ական թթ, երբ թիմն ընդհանուր առմամբ 13 անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն։ Իսկ վերջին անգամ թիմը չեմպիոն էր դարձել 2009/10թթ․ առաջնությունում:
«Օմոնիան» եվրագավաթային բավականին հարուստ փորձ ունի: ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա լիգայի մրցաշարերում կիպրոսյան ակումբը 3 անգամ հասել է որակավորման փլեյ-օֆֆ փուլ, իսկ ՉԼ-ում մեկ անգամ հասել է որակավորման 3-րդ փուլ: 2016/17 մրցաշրջանում Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլում թիմը հանդիպել էր «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») հետ՝ հաղթելով երկու խաղերում ընդհանուր՝ 5-1 հաշվով (4-1, 1-0):
Վերջին մեկ ամսվա ընթացքում «Օմոնիան» մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ հունական «Օլիմպիակոսի» և հունգարական «Զալաեգերսեգի» թիմերի հետ (պարտվել է համապատասխանաբար 0-3 և 0-1 հաշիվներով):
Կազմը
«Օմոնիայի» գլխավոր մարզիչը նորվեգացի մասնագետ Հեննինգ Բերգն է, ով որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և շոտլանդական «Ռեյնջերոսում», ինպես նաև Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է 100 հանդիպման։ Որպես մարզիչ՝ Բերգը աշխատել է նորվեգական «Լյուն», «Լիլեստրյոմ», «Ստաբեկ», անգլիական «Բլեքբերն», լեհական «Լեգիա» և հունգարական «Վիդեոտն» ակումբներում, իսկ 2019թ-ից մարզում է «Օմոնիան»։
«Օմոնիայի» կազմի ընդհանուր արժեքը Transfermarkt հայտնի պորտալը գնահատում է 9,35 մլն եվրո, որը երրորդ ցուցանիշն է կիպրոսյան թիմերի շրջանում․ ավելի թանկարժեք կազմ ունեն միայն «ԱՊՕԵԼ»-ը և «Ապոլլոնը»։ Նշենք, որ «Արարատ-Արմենիայի» կազմը Transfermarkt-ը գնահատում է 5,43 մլն եվրո, իսկ հայկական թիմի կազմում ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Սերգեյ Վակուլենկոն է՝ 400 հազար եվրո։ Կիպրոսյան թիմի կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Հունգարիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ադամ Լանգը՝ 800 հազար եվրո։
Թիմի հիմնական դարպասապահը բրազիլացի Ֆաբիանոն է, ում անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել Կիպրոսի հավաքականի թեկնածու Պանագին, կամ էլ՝ Կիրիակիդեսը, ով Կիպրոսի Մ21 հավաքականի անդամ է։
Պաշտպանության ձախ եզրում հիմնականում հանդես է գալիս չեխ Յան Լեցյակսը, իսկ աջից՝ հույն Մավրաիսը, ով անհրաժեշտության դեպքում կարող է ծածկել ամբողջ աջ եզրը։ Նրանց համապատասխանաբար կարող են փոխարինել պորտուգալացիներ Կիկոն և Ժոել Պերեյրան։ Կիկոն թիմի նորեկներից է, ով «Օմոնիա» է տեղափոխվել Նիկոսիայի մեկ այլ ակումբից՝ «Օլիմպիակոսից»։ Պաշտպանության կենտրոնում հանդես են գալիս վերը նշված Լանգը, ինչպես նաև Սլովակիայի հավաքականի կազմում իր ելույթներով հայտնի 34-ամյա Թոմաս Հուբոչանը, ևս մեկ չեխ ֆուտբոլիստ՝ Միխաիլ Լուֆտները, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստ Յանիս Կոուսոուլոսը, ով խաղում է ինչպես հենակետային գոտում, այնպես էլ պաշտպանության կենտրոնում (հարկ եղած դեպքում կարող է խաղալ նաև աջ պաշտպանի դիրքում, երբ Մավրաիսը տեղափոխվում է կիսապաշտպանություն)։
Ինչ վերաբերում է կիսապաշտպանությանը, ապա կենտրոնում հանդես է գալիս Վիտոր Գոմեշը, ինչպես նաև վերը նշված ունիվերսալ Կոուսոուլոսը։ Երբեմն խաղաժամանակ է ստանում նաև Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստ Ֆանոս Կատելարիսը։ Հարձակվողական ոճի կիսապաշտպաններն են ֆրանսիացի Էրիկ Բոտեակը, ով ժամանակին հանդես է եկել ֆրանսիական «Նիս» և «Լիլ» ակումբներում, 35-ամյա իսպանացի Խորդի Գոմեսը, բրազիլացի Տիագո Սանթոսը, ինչպես նաև 19-ամյա կիպրոսցի Մարինոս Ցիոնիսը և թիմի նորեկ 35-ամյա Ֆոտիս Պապուլիսը։
Կենտրոնական հարձակվողի դիրքում երևանյան խաղում ամենայն հավականությամբ կտեսնենք թիմի նորեկ Միխալ Դուրիսին, ով համալրել է Կիպրոսի չեմպիոնների կազմը այս ամառ՝ տեղափոխվելով կիպրական «Անորտոսիսից»։ Սլովակիայի հավաքականի հարձակվողը նախկինում հանդես է եկել նաև ռուսական «Օրենբուրգ» և Պլզենի «Վիկտորիա» ակումբներում։ Կենտրոնական հարձակվողի դիրքում են խաղում նաև Կիպրոսի երիտասարդական հավաքականի անդամ Անդրոնիկուս Կակոուլիսը և Կոստա-Ռիկայի հավաքականի հարձակվող Դավիդ Ռամիրեսը։
Թիմի կորուստներից կարելի է առանձնացնել նախորդ մրցաշրջանում թիմի ռմբարկու Մետ Դերբիշայրին, իսկ ռումինացի դարպասապահ Պանտիլիմոնը վերադարձել է անգլիական «Նոթհինգեմ Սիթի»․ դարպասապահը նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր խաղում «Օմոնիայում»։ Թիմից հեռացել են նաև վենեսուելացի հարձակվող Միկու Ֆեդորը և կոլումբիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Օրտեգան։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի՝ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը կկայանա Երևանում՝ օգոստոսի 19-ին, ժամը 19։00-ին։