Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել կապված ֆեդերացիայի նախագահի՝ այսօր կայացած ընտրությունների հետ.
«Չնայած մեր բազմաթիվ հորդորներին` ՀԲՖ նախագահի ընտրությունների հետաձգման և օրինական անցկացման, ընտրությունն այնուամենայնիվ կայացավ։
Ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանն ու ամբողջ անձնակազմը շնորհավորում և հաջողություն են մաղթում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային և հայկական բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին։
Ինչպես ղեկավարման տարիներին, այդպես էլ ապագայում Արթուր Գևորգյանն ու նախկին ղեկավար կազմը կանգնած են լինելու հայկական բռնցքամարտի կողքին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Արթուր Գևորգյանն ArmSport-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ֆեդերացիայի 4 թեկնածուներից և ոչ մեկը չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում, ըստ Գևորգյանի, դրանք անվավեր կլինեն:
Այդուհանդերձ, ընտրությունները կայացան ու ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: