«Սևան» ՖԱ-ն տեղեկացնում է, որ թիմի շարքերն է համալրել վերջերս ֆուտբոլիստի կարիերան ավարտած, Հայստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով սևանյան ակումբում կզբաղեցնի մարզիչի պաշտոնը:
32-ամյա Եդիգարյանը «Սևան» ՖԱ-ի մարզչական շտաբում կաշխատի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի, մարզիչ Արմեն Ղուլինյանի և դարպասապաների մարզիչ Սլավիկ Սուքիասյանի հետ:
«Սևան» ՖԱ-ն բարի գալուստ և ամենայն բարին է մաղթել Արթուրին մարզչական կարիերայում:
Արթուր Եդիգարյանը հայկական ֆուտբոլի ամենավառ կերպարներից է: «Փյունիկի» սանը երևանյան թիմում երկար ժամանակահատված է անցկացրել, խաղացել է նաև «Բանանցում», «Գովերլայում», «Կայրաթում», Մինսկի «Դինամոյում». իսկ վերջին թիմը եղել է «Ալաշկերտը», որտեղ նույնպես նշանակալի հաջողություններ է գրանցել՝ տևական ժամանակ լինելով նաև ավագը: 2008 թվականից 7 տարի Եդիգարյանը հանդես է եկել Հայաստանի հավաքականում: