Կանանց ֆուտբոլը Հայաստանում
2020/2021 թվականներին կանանց Ազգային հավաքականը վերակազմավորումից հետո առաջին անգամ մասնակցեց Աշխարհի առաջնության ընտրական փուլին, որն ինքնին արդեն նվաճում էր: Մեր ընտրանին սկսեց մրցել մի մակարդակում, որտեղ խաղում են աշխարհի լավագույնները․ մեր խմբում էին ընդգրկած Բելգիան, Լեհաստանը, Նորվեգիան, որոնք հաճախ են հայտնվում խմբային փուլում։ Զարգացման մրցաշարերին մասնակցելը, մեծ ակնկալիքներով խաղերը ոչ մի ուղղությամբ չարդարացրին սպասելիքները. ավելին, արդյունքները մեղմ ասած լավը չէին:
Ուրախալի է, իհարկե, այն փաստը որ մեծացավ կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը: Ստեղծվեցին Մ-19 և Մ-17 հավաքականները: Թեև վերջիններիս արդյունքները դեռ գոհացուցիչ չեն, բայց հանուն արդարության պետք է նշել, որ արձանագրվող ցուցանիշները համեմատաբար ավելի հաջող են. նկատվում է աննշան աճ: Հույս է ներշնչում այն փաստը, որ ֆուտբոլիստները դեռ պատանեկան հավաքականի անդամներ են և մինչև ազգային հավաքական հասնելը ունեն կայանալու ճանապարհ:
Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներ
Ռեստարտ լինելուց հետո, 2021 թ-ին կանանց Մ-17 հավաքականը սկսեց իր մրցելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Մրցելով Խորվաթիայի, Ղազախստանի և Լիտվայի հասակակիցների հետ, մեր ընտրանին պարտվեց բոլոր 3 խաղում. համապատասխանաբար՝ 0-5, 1-2, 1-2: Հաջորդ տարի, պահպանելով թիմի կորիզը, մեր թիմը արդեն սեփական հարկի տակ ընդունեց փոքր մրցաշար/ընտրական փուլ:
Մրցաշարն ընդունելն արդեն իսկ կանանց ֆուտբոլի զարգացման խթան է, սակայն արդյունքները չէին տարբերվում նախորդ ընտրական մրցաշարում գրանցած ցուցանիշներից․ զիջեցինք Թուրքիայի և Լատվիայի ընտրանիներին (0-4 , 0-2 ): 4-րդ մասնակից Ուելսը չներկայացավ մրցաշարին:
Վերջապես տեսանք առաջին հաղթանակը. այն էլ՝ վստահ հաշվով (Վրաստան 0-3 Հայաստան): Հաջորդեցին 2 պարտություններ և պատկերը ստացվեց կրկին նույնը: Զիջեցինք Բելառուսին խոշոր՝ 0-6 հաշվով: Բելառուսին պարտվելուց հետո մեր ընտրանին պահպանում էր խմբից դուրս գալու լավ շանսեր, սակայն ֆուտբոլային գաճաճ Լյուքսեմբուրգից կրած պարտությունը մեղմ ասած անընդունելի էր:
Եվրոպայի Մ-17 առաջնության վերջին ընտրական մրցաշարում մեր աղջիկներն անցկացրած 3 խաղում կրեցին նույնքան պարտություն՝ 18 գնդակ բաց թողնելով Էստոնիայից, Բոսնիա և Հերցեգովինայից ու Ղազախստանից:
Ինչ վերաբերում է Մ-19 հավաքականին՝ նախորդ տարի Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում տարել է 1 հաղթանակ, կրել 2 պարտություն, սակայն պարտությունները եղել են խոշոր՝ 0։6 ՝ Հյուսիսային Մակեդոնիայից և 0:6՝ Ուկրաինայից: Միակ հաղթանակը մեր աղջիկները նվազագույն հաշվով տարել են Լյուքսեմբուրգի հասակակիցների նկատմամբ: Չնայած նրան, որ ֆուտբոլում որոշիչ են արդյունքները, այդուհանդերձ, մեր նման ֆուտբոլային ասոցիացիաների համար արդյունքները կետային հաղթանակները ևս շատ կարևոր են: Ի տարբերություն ազգային հավաքականի, այս տարիքային հավաքականները ձևավորվելուց հետո ունեն զարգանալու ճանապարհ, որի արդյունքում լավագույնները տեղ կունենան ազգային թիմում:
Ազգային հավաքական
Ազգային հավաքականի պարագայում սպասելի էին բացասական արդյունքները, քանի որ այն ձևավորվել է միանգամից՝ չանցնելով պատանեկան մրցաշարերի ճանապարհով: Նենսի Ավեսյանի, Կլաուդիա Չոլակյանի և Մարալ Արթինի նման ֆուտբոլիստներով համալրվելուց հետո էլ ավելի շատ մեծացան սպասելիքները, բայց ցավոք դրանք չարդարացան: Մեր գլխավոր թիմի խաղերում պատկերը ցավոտ է՝ համեմատած մնացած տարիքային հավաքականների հետ, եթե ոչ՝ ամենացավալին: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում կրում էր պարտություններ ոչ ֆուտբոլային հաշիվներով: Բացառություն է կազմում միայն մեր հարկի տակ 2021 թվականին անցկացված ոչ պաշտոնական «OurGame» զարգացման մրցաշարը, որտեղ զբաղեցրինք 2-րդ հորիզոնականը: Հենց այս ընտրանին է կրել իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը (Բելգիա – Հայաստան՝ 19-0, 25.11.2021) ։
2025 թ-ի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում մեր հավաքականը 13 տարվա ընդմիջումից հետո պաշտոնական խաղում տոնեց առաջին հաղթանակը. Բուլղարիա – Հայաստան ՝ 2։3։
Վերակազմավորումից հետո, մեր հավաքականն անցկացրած 18 պաշտոնական խաղում կրել է 17 պարտություն՝ այդ ընթացքում բաց թողնելով 105 գոլ և խփելով 7 գնդակ:
Կանանց ակումբային ֆուտբոլ
Բացի հավաքականներից, չպետք է մոռանալ ակումբային ֆուտբոլի մասին, ինչի միջոցով են ֆուտբոլիստներ մատակարարվում տարբեր տարիքային հավաքականներին:
Առաջին խմբի առաջնությանը մասնակցում է աղջիկների 11 թիմ, իսկ բարձրագույն խմբում պատկերը տխուր է․ ընդամենը 5 թիմ է մասնակցում առաջնությանը («Ուրարտու- աղջիկներ», «Արարատ-Արմենիա- աղջիկներ», «Սյունիք — աղջիկներ», «Լեռնային Արցախ-աղջիկներ»)։
1 տարի առաջ գործունեությունը դադարեցրեց «Հայասա» ակումբը, որը 2 մրցաշրջան անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն և ներկայացրել մեր երկիրը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
Ինչ անել ստեղծված իրավիճակում
Չնայած նրան, որ նման արդյունքները պատիվ չեն բերում հայկական ֆուտբոլին (առավել ևս` վարկանիշներ), այդուհանդերձ անընդունելի է երկրպագուների այն կարծիքը, որ պետք է ելույթները դադարեցվեն: Հրաժարվելն ամենահեշտ ճանապարհն է, իսկ փորձելը, գոնե, փորձ կտա: Նման քիչ ներկապնակով մեր ընտրանիների մարզիչները փորձում են «քամել» եղածից առավելագույնը: Անընդհատ վերլուծությունները, սխալներից դասերը քաղելը և ինքնաքննադատ գործունեությունը կբերի դրական արդյունքի: Քննադատությունից զատ, անհրաժեշտ է նաև աջակցություն, որը ևս ֆուտբոլի զարգացման մաս է կազմում:
2021 թվականի գարնանը ՀՖՖ-ն ներկայացրեց կանանց ֆուտբոլի 2020-2025 թվականների զարգացման ռազմավարությունը։ ՀՖՖ-ի հետ զրույցում գործկոմի նախկին անդամ Աննա Թադևոսյանը նշեց, որ գլխավոր նպատակներից մեկը կանանց ֆուտբոլի մասսայականացումն է, որպեսզի աղջիկները ֆուտբոլ խաղան ոչ թե 12-13 տարեկանից, այլ՝ 5-6 և արդեն մեծ տարիքում խաղան էլ ավելի որակյալ ֆուտբոլ։
Կցանկանամ խոսել ամենակարևորի մասին․ գրանցված խոշոր հաշիվները միայն մեզ մոտ չեն. այն համատարած է։ Կանանց ֆուտբոլում չկա կայունություն և այս խնդիրն ազգային ասոցիացիաները բազմիցս բարձրացրել են և արդեն մի քանի տարի է, որ գտել են լուծումը։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ անցկացվում են Ազգերի լիգայի ֆորմատով․ հավաքականները ըստ դասակարգման բաժանվում են 3 կամ 4 ենթախմբի։ Ֆուտբոլի զարգացման տեսանկյունից դա շատ լավ է, որովհետև, երբ մրցում ես հավասար կամ մի փոքր ուժեղ հավաքականի հետ, կխուսափես նման խոշոր հաշիվներից, որն իր հերթին հանգեցնում է կանանց ֆուտբոլի «իմիջի» անկմանը և առաջ է բերում նաև հոգեբանական խնդիրներ:
ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ ունի մի շարք ծրագրեր «UEFA playmakers», «Երազանքի լիգա», «Քարավան» և այլն․ սրանք ծրագրեր են, որոնցում ներգրավված են 7-ից 13 տարեկան աղջիկները, և որոնք միտված են Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանը, քանի որ այդ տարիքում է դրվում հիմքը, իսկ արդյունքները կտեսնենք մի քանի տարի անց։
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Միլենա Առաքելյան
Նշում. կայքում հրապարակվող տեսակետները կարող են չհամընկնել ArmSport.am-ի խմբագրության տեսակետին: