Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL) կարող է «Էվերթոնից» 12 միավոր հանել, եթե ապացուցվեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտումները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ այս գործով որոշում պետք է կայացվի այս տարվա վերջին։ Պրեմիեր լիգան խիստ տույժ է նախատեսում՝ հանվում է առավելագույնը 12 միավոր: Նման պատիժը «Էվերթոնին» կդնի դուրս մնալու վտանգի տակ: Ակումբին սպառնում է նաև տուգանք և որոշակի ժամկետով տրանսֆերների արգելք։
«Էվերթոնի» գործը ներկայումս քննվում է անկախ հանձնաժողովի կողմից: Նշվում է, որ թիմը կրել է 304 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսական վնասներ, ինչը զգալիորեն գերազանցում է Պրեմիեր լիգայի սահմանած 105 միլիոն ֆունտ ստեռլինգը:
Մարտին հայտնի դարձավ, որ Պրեմիեր լիգան «Էվերթոնին» կասկածում է ֆինանսական խախտումների մեջ։ Շահութաբերության և կայուն զարգացման կանոնների հնարավոր խախտումները վերաբերում են 2021/22 մրցաշրջանին։