«Ինտերն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել՝ կապված թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ.
«Շաբաթ օրվանից հաշված օրերը սովորական օրեր չէին, նրանք այնքան երկար և անիմաստ էին թվում, երբ միակ բանը, ինչ մենք ցանկանում էինք, այն էր, որ սա վատ երազ լիներ: Բարեբախտաբար, մենք արթնանում ենք անգամ ամենամղձավանջային երազներից:
Այս օրերի լռության մեջ մենք հավաքում էինք մեր մտքերը, մեր աղոթքները, նույնիսկ մեր հառաչանքները: Թեթևացած շունչ քաշեցինք Կոպենհագենի ազգային արքայական հիվանդանոցից ստացված լուրերից և լուսանկարներից հետո … մի տեղ, որի մասին մի քանի օր առաջ ոչինչ չգիտեինք:
Լավագույն պահը երեքշաբթի առավոտյան էր. լուսանկր, ժպիտ՝ բութ մատը վերև պարզած: Եվ գրառում . «Ողջույն բոլորին, շնորհակալ եմ ամբողջ աշխարհից ուղարկած ձեր հաղորդագրությունների համար: Սա շատ կարևոր է ինձ և իմ ընտանիքի համար: Ես լավ եմ»:
Եվս մեկ քայլ առաջ կատարվեց ուրբաթ՝ վիրահատություն, դուրսգրում հիվանդանոցից և այց թիմակիցներին. «Անհավանական էր տեսնել, թե որքան մեծ թվով նամակներ են ինձ հասցեագրվել: Վիրահատությունը լավ է անցել, և, հաշվի առնելով հանգամանքները, ես լավ եմ: Հաճելի էր նորից թիմակիցներիս տեսնելը այն հիանալի խաղից հետո, որ նրանք անցկացրին երեկ երեկոյան, ու ես անկասկած կաջակցեմ նրանց երկուշաբթի՝ Ռուսաստանի դեմ:
Մինչ շաբաթ օրը Դանիայի և Ֆինլանդիայի միջև խաղը վերսկսվել է Կոպենհագենում, Ռոմելու Լուկակուն և Աշրաֆ Հաքիմին խաղադաշտ են դուրս եկել Բելգիայի և Մարոկկոյի հավաքականների կազմերում ու իրենց գոլերը նվիրել են Էրիկսենին. «Քրիս , ես սիրում եմ քեզ»,- բացականչեց Ռոմելուն տեսախցիկների առջև: Սա ուղերձ էր, որ տարածվում էր ամենուր: Աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում:
Վերջին մի քանի օրերին վախի դողը փոխարինվեց թեթևությամբ: Եվ էմոցիաներով … 10 համարի հսկայական մարզաշապիկը ցուցադրվեց Դանիայի և Բելգիայի միջև խաղում՝ այն նույն մարզադաշտում: Խաղը դադարեցվեց 10 րոպե անց, երկրպագուները ծափահարեցին, ինչպես՝ ֆուտբոլիստները, ներառյալ Լուկակուն: Պաստառներ, շապիկներ, որոնք ցուցադրում էին երկրպագուները, ազգային հավաքականները՝ իրենց մտքերը ուղղելով մեր 24 համարին:
Այս բոլոր պահերը ամենաուժեղ և սիրառատ գրկախառնությունն է Քրիստիան Էրիկսենի համար:
«Ինտերը» քեզ հետ է, Քրիս»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: