Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնայից» մադրիդյան ակումբ վերադառնալու մասին։
«Անտուանի համար շատ դժվար էր վերադառնալ: Նա դա լավ բացատրեց. Նրա վերադարձը հեշտ չի եղել «Բարսելոնա» մեկնելուց և այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել: Մարդիկ նրան շատ էին սիրում, բայց նա հեռացավ։ Նա գիտեր, որ պետք է ամեն ինչ տար այս հնարավորության համար, պետք է լռեր ու աշխատեր մարդկանց սերը վերադարձնելու համար։
Եվ ես հավատում եմ, որ նա իր աշխատանքով, իր ջանքերով, իր զոհաբերությամբ դա անում է։ Հուսով եմ՝ նա կկարողանա պահպանել այն մարզավիճակը, որն ունի, քանի որ մեզ համար դա շատ կարևոր է։ Իմ կարծիքով նա մեր թիմի լավագույն խաղացողներից է և առհասարակ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Հուսով եմ՝ նա կշարունակի նույն ոգով»,- Կոկեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։