Կոպա Ամերիկայի առաջիկա խաղարկությունը, որը պետք է կայանար Արգենտինայում, կանցկացվի Բրազիլիայում։ Այս մասին հայտնում է Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) պաշտոնական թվիթերը։
Արգենտինան զրկվել է մրցաշարն անցկացնելու իրավունքից «կապված ներկայիս իրավիճակի հետ», սակայն կոնկրետ պատճառը չի հստակեցվում։ Հայտնի է, որ այս պահին երկրում կորոնավիրուսի համավարակի բռնկում կա։
Ավելի վաղ մրցաշարն ընդունելու իրավունքից զրկվել էր նաև Կոլումբիան, պատճառը` քաղաքական անկարգություններն ու համաճարակային բացասական պատկերը երկրում։
Ամերիկայի Գավաթի խաղարկությունը կմեկնարկի երկու շաբաթից։