«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ նոր համալրում ունի։ Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևի հետ։
Տոբոևը Կազանի «Ռուբինի» սան է, հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում», Խաբարովսկի ԲՄԱ-ում։
2015/16 թթ մրցաշրջանում հանդիսացել է Երևանի «Միկայի» ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 14 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։ Տոբոևը հանդես է եկել նաև վրացական «Գուրիայի» կազմում։
2017/18 թթ. մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է Մոսկվայի «Արարատում»։ Անցկացրած 25 խաղերի ընթացքում Տոբոևը 8 գոլ է խփել։ 2018/19 մրցաշրջանում Տոբոևը վերադարձել է Վլադիկավկազի «Ալանիա»։
Վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում Տոբոևն անցկացրել է 6 հանդիպում։
«Տպավորություններս դրական են։ Ֆուտբոլային աճ գրանցելու համար այստեղ կատարյալ պայմաններ են ստեղծված։ Ուրախ եմ, որ նման թիմի անդամ եմ դարձել։ Տղաներից ոմանց ճանաչում էի, անգամ ընկերներ ունեմ, որոնք այստեղ են խաղում։ Դրական մթնոլորտ է թիմում։ Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս»,- երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է 24-ամյա ֆուտբոլիստը։
Թայմուրազ Տոբոևը «Ուրարատու»-ում հանդես կգա 17 համարի ներքո։