ՈՒիմբլդոնի կազմակերպիչները հայտարարությամբ են հանդես եկել։ Համաանգլիական լաուն-թենիսի ակումբը Ռոլան Գարոսի հետաձգումից հետո հայտնել է, որ դեռևս մտադիր չէ հետաձգել ՈՒիմբլդոնը։
Մրցաշարի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ ՈՒիմբլդոնը սկզբնապես նախատեսված է եղել սկսել հունիսի 29-ին՝ Ռոլան Գարոսի ավարտից երեք շաբաթ անց։ Առայժմ որևէ փոփոխություն չկա։
Մրցաշարի կազմակերպիչները վստահեցնում են, որ ուշադրությամբ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակին ու որոշումներ են կայացնելու իրավիճակից ելնելով։
Հայտարարության մեջ նաև ասված է, որ մրցաշարի թանգարանն ու տարածքը ամբողջությամբ փակ է երկրպագուների համար այս օրերին կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։