Չեմպիոնշիփը (Անգլիայի առաջնության համակարգում երկրորդ ուժեղագույն դիվիզիոնն ԱՊԼ-ից հետո) կարող է չընդունել «Մանչեսթեր Սիթիին», եթե «Քաղաքաբնակները» դուրս մնան Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունից, հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL), որին պատկանում են Չեմպիոնշիփը, առաջին և երկրորդ լիգաները, իրավունք ունի չընդունել «Մանչեսթեր Սիթիին» որպես մրցաշարի մասնակից։ Դա բացատրվում է նրանով, որ այս մրցաշարերին կարող են մասնակցել ընդամենը 72 թիմ (բոլոր այդ լիգաներում միասին)։
Պրեմիեր լիգայից դուրս մնալու դեպքում ակումբները պետք է հայտ ներկայացնեն Չեմպիոնշիփին մասնակցելու համար։
Վերջերս ԱՊԼ-ն «Մանչեսթեր Սիթիին» կասկածել է ֆինանսական կանոնների մի շարք խախտումների մեջ։ Ըստ տեղեկությունների՝ ակումբը 2009/10 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանը խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։
Եթե ակումբի մեղքը ճանաչվի, ապա մանչեսթերյան ակումբին սպառնում են մի շարք տույժեր, այդ թվում՝ միավորների հանում կամ նույնիսկ ԱՊԼ-ից հեռացում: