Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին «Պարի Սեն Ժերմենն» ու «Սենտ Էտյենը»։
Փարիզյան ակումբը կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խաղի 14-րդ րոպեին խփեց ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ ՊՍԺ-ն հաղթեց 1-0 հաշվով։
«Սենտ Էտյենը» հանդիպման մեծ մասն անցկացնում էր 10 ֆուտբոլիստներով։ 31-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Լոիկ Պերինը։ Նա կոպիտ խախտում էր թույլ տվել փարիզցիների առաջատար Կիլիան Մբապեի նկատմամբ։ Վերջինս չկարողացավ շարունակել հանդիպումն ու փոխարինվեց։
«Պարի Սեն Ժերմենը» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը։