Ազգային ժողովի դիմաց այսօր անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։
Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, անդրադառնալով Ռոման Ամոյանին բերման ենթարկելու դեպքին, հայտնել է, որ իրենց համար քաղաքացին քաղաքացի է։
«Անունը չգիտեմ, մենք տեղյակ չենք` ինքն ով է, և մեզ համար քաղաքացին քաղաքացի է։ Նա հավաքի վայրը լքելու մեր պահանջին չենթարկվեց, ինչի համար էլ նրան բերման ենթարկեցինք»,– մեջբերում է Խուդինյանին armeniasputnik.am-ը։
Հարցին, թե ճի՞շտ էր աշխարհի չեմպիոնին բերման ենթարկելիս ասֆալտին փռելը, Խուդինյանը հայտնել է, որ Ամոյանը դիմադրություն է ցույց տվել, ինչի համար էլ ոստիկանները նման քայլի են դիմել։
ԱԺ–ում այս պահին քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցը։ ԱԺ շենքի մոտ բավական լարված իրավիճակ է, քանի որ այնտեղ են հավաքվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները։