«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն խոսել է եղբոր ողբերգական մահվանից հետո իր վիճակի մասին։
«Ատելության կամ վրեժի զգացումով լցված չեմ մարդասպանի նկատմամբ։ Ես այնպիսի մասնագիտություն ունեմ, որտեղ անհրաժեշտ է հանգիստ լինել։ Հանգիստ եմ ու հավատում եմ արդարությանը։ Իհարկե, շատ վշտացած եմ ու շարունակում եմ սգալ եղբորս մահը։
Եղբայրս հոգ էր տանում բոլորի մասին, երբ ես բացակայում էի։ Նա հոգ էր տանում մորս, զարմիկներիս ու զարմուհիներիս մասին։ Նա հաճույքով իր վրա էր վերցրել բոլոր նյութական հոգսերը։ Երախտապարտ եմ՝ իմանալով ինչ է արել մորս համար։ Նրա ներկայությունը տրամադրություն էր ստեղծում տանը։
Նախևառաջ, շնորհակալություն եմ հայտնում թիմիս՝ «Տոտենհեմին»։ Երեկ երեկոյան խաղացի «Նյուքասլի» դեմ (3-1): Թիմի խաղացողներն այդ հաղթանակը եղբորս հիշատակին նվիրեցին։ Քննարկել եմ դա մարզչի հետ։ Ուզում էի հաղթել այդ խաղն ու արեցի դա։ Գիտեի, որ խաղադաշտում մենակ չեմ լինի»,- Օրյեի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի եղբայրը՝ Քրիստոֆերը, սպանվել էր հուլիսի 13-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին Թուլուզում գտնվող գիշերային ակումբի մոտ։ Տեղի բնակիչները որովայնի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերել էին 26-ամյա տղամարդուն ու շտապօգնություն կանչել։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։