Հաշված օրեր են մնացել Եվրագավաթներում հայկական ակումբների մեկնարկին։ Նախապատրաստական շրջանի կարևոր բաղադրիչներից մեկը՝ սելեկցիոն աշխատանքը, ևս ակտիվ փուլում է։ Հասկանանք՝ ինչպիսի համալրումներ և կորուստներ ունեն մեր ակումբները։
«Փյունիկ»․ Հայաստանի չեմպիոնը վտանգավոր տրանսֆերային քաղաքականություն է վարում
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Ակումբին չեմպիոնության տարած մի շարք առանցքային ֆուտբոլիստներ արդեն հեռացել են։ Կարելի է առանձնացնել թիմի ավագ Գևորգ Ղազարյանին, ռմբարկուներ Հուգու Ֆիրմինոյին և Սերժ Դեբլեին։ Հայ ֆուտբոլիստներից գլխավոր կորուստը թերևս Արման Հովհաննիսյանն է։
Դեբլեն մոտ էր «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուն, սակայն աֆրիկացու՝ ֆինանսական մեծ «ախորժակ» ունենալու պատճառով տրանսֆերը չկայացավ։ Վերջինս ելույթները կշարունակի ղազախական «Տոբոլում»։ Իսկ վերոնշյալ երեք ֆուտբոլիստներին «Արարատ-Արմենիան» հրավիրեց՝ զգալիորեն ուժեղացնելով կազմը։
Չնայած դեռևս պաշտոնական հայտարաություն չկա, սակայն մեր տեղեկություններով «Փյունիկում» իր ելույթները կշարունակի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։ Այդ ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Յուսուֆ Օտուբանջոն պաշտոնապես է տեղափոխվել չեմպիոնի կազմ։
Հետաքրքիր մեկ այլ դեպք տեղի ունեցավ «Փյունիկի» հետ։ Ակումբը երկու ամսով վարձակալել էր իրանցի երկու ֆուտբոլիստի, որոնք պետք է մասնակցեին Եվրագավաթներին, այնուհետև վերադառնային իրենց ակումբ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՖԻՖԱ-ն թույլ չի տվել նման համագործակցություն, և նշված խաղացողները չեն կարողանա օգտակար լինել Եղիշե Մելիքյանի թիմին։
Մեր աղբյուրները հավաստում են նաև, որ Հայաստանի չեմպիոնի կազմում ելույթները կշարունակի ռուսական «Խիմկիի» ֆուտբոլիստ Դավիթ Դավիդյանը, որը վարձակալությամբ է տեղափոխվել հայկական ակումբ։ Կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալու «Փյունիկում», սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն նրանց վերաբերյալ չկա։ Ամեն դեպքում, փոփոխությունները բավականին շատ են, ինչը անհանգստացնող է միջազգային խաղերից առաջ, քանի որ նորեկներին ժամանակ է հարկավոր՝ ամբողջությամբ ինտեգրվելու ակումբում, ինչպես նաև խաղային համագործակցությունը բարելավելու համար։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում «Փյունիկի» առաջին մրցակիցն է ռումինական «Կլուժը», որը շատ բարձր մակարդակի ակումբ է, և մեր չեմպիոնին հեշտ հանդիպումներ չեն սպասվում։
«Արարատ-Արմենիա»․ Մարզչական փոփոխություն՝ համեմված մի շարք աղմկահարույց նորեկներով
Արծաթե մեդալակիրը ևս նորովի է մոտենում նոր մրցաշրջանին։ Նախ, գլխավոր մարզչի պաշտոնում Դմիտրի Գունկոյին փոխարինեց Վարդան Բիչախչյանը։ «Արարատ-Արմենիայից» հեռացել են մի քանի ֆուտբոլիստներ, որոնցից կարելի է առանձնացնել Վալերիո Վիմերկատիին, Զաքարիա Սանոգոյին, Յուսուֆ Օտուբանջոյին և Սերգեյ Վակուլենկոյին։ Փոխարենը Բիչախչյանի թիմը ուժգնորեն «աղմկում» է տրանսֆերային շուկայում։
Գևորգ Ղազարյանի, Արման Հովհաննիսյանի և Հուգու Ֆիրմինուի մասին արդեն խոսեցինք։ Հարազատ ակումբ է վերադարձել ԲԿՄԱ-ում վարձավճարով ելույթ ունեցող Ստյոպա Մկրտչյանը։ Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ «Արարատի» նախկին հարձակվող Մորի Կոնեն, որը տեղափոխվել էր հունգարական «Ույպեշտ», նույնպես կհամալրի հայկական ակումբի շարքերը։
Վիմերկատիի հեռանալուց հետո ակումբը ձեռք բերեց «Արարատի» դարպասապահ Վսեվոլոդ Երմակովին, ինչը ևս բավականին լավ համալրում է։
«Արարատ-Արմենիայի» առանց այն էլ մրցակցային կազմն է՛լ ավելի ուժեղացավ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու է Վարդան Բիչախչյանը, այս ակումբից սպասելիքները բավականին մեծ են լինելու։ Բիչախչյանի թիմը պայքարը կսկսի Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլից, որտեղ կհանդիպի էստոնական «Պայդեի» և Թբիլիսիի «Դինամոյի» դիմակայության հաղթողի հետ։
«Ալաշկերտ»․ Նախորդ տարիների անցած ճանապարհը թույլ է տալիս հավատալ բրոնզե մեդալակրին
Բրոնզե մեդալակրի փոփոխությունների մասին խոսելիս առաջին հերթին պետք է նշել մարզչական փոփոխության մասին։ «Ալաշկերտի» ղեկին Արամ Ոսկանյանին փոխարինեց Կարեն Բարսեղյանը։
Բարսեղյանի թիմում նոր պատկեր կտեսնենք նաև խաղադաշտում։ Թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, սակայն նրանցից աչք ծակող են հատկապես հարձակման գծի առաջատարներից Ժոզե Էմբալուն, Դմիտրի Գուզը, Նիկիտա Տանկովը և Աղվան Պապիկյանը։
Համալրումների առումով ևս «Ալաշկերտը» ակտիվ է։ Վերադարձել է Ռումյան Հովսեփյանը, որը ելույթ էր ունենում Մալթայի առաջնությունում։ Ակումբի շարքերն են համալրել «Փյունիկից» հեռացած Տիագո Գալվաոն, որը ևս ժամանակին հաջող ելույթներ է ունեցել «Ալաշկերտում», «Նոայից» հեռացած Սարգիս Շահինյանը, «Ուրարտուից» հեռացած Անան Մենսահը, «Վանի» առաջատարներից մեկը համարվող Բենիկ Հովհաննիսյանը։
«Ալաշկերտի» կազմը նույնպես գրեթե միշտ բավականին բալանսավորված է լինում։ Այս անգամ էլ, եթե համեմատենք հեռացողներին և նոր համալրումները, կարող ենք փաստել, որ ակումբը կազմի առումով խնդիրներ չի ունենա։ Ժամանակի ընթացքում արդեն կտեսնենք Կարեն Բարսեղյանի աշխատանքի արդյունքը ներկայիս կոլեկտիվի հետ։
«Ալաշկերտը» միշտ պատվով է հանդես գալիս Եվրագավաթներում։ Ամեն դեպքում, այս ակումբը ցանկացած մրցաշրջանում մինչև վերջ պայքարում է և ոչ մի անգամ ամոթալի արդյունքներ չի գրանցել։ Այս տարի ակումբի առաջին մրցակիցն է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը», որը համեմատաբար հեշտ մրցակից է, և մեծ հավանականություն կա, որ Բարսեղյանի թիմին կտեսնենք որակավորման հաջորդ փուլում։
«Արարատ»․ Եվրագավաթների ևս մեկ մասնակից, որը պայքարը կսկսի նոր մարզչի գլխավորությամբ
«Արարատը» Կոնֆերենցիաների Լիգային մասնակցելու հնարավորություն ստացավ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն արտոնագիր չտրամադրեց Հայաստանի գավաթակիր «Նորավանքին»։ Այստեղ ևս առաջին հերթին պետք է նկատենք մարզչական փոփոխությունը։ Էդգար Թորոսյանի փոխարեն ակումբի ղեկը ստանձնել է «Ալաշկերտից» հեռացած Արամ Ոսկանյանը։
Դարպասպահ Վսեվոլոդ Երմակովի հեռանալը թերևս ակումբի գլխավոր կորուստն է, որի փոխարեն «Արարատի» շարքերն է համալրել Գոռ Մանուկյանը։ ԲԿՄԱ-ից «Արարատ» տեղափոխվեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը։ Այս ձեռքբերումը նույնպես կարող է մեծ օգուտ տալ Ոսկանյանի թիմին։
Ձեռքբերումնեևրր շարքում կարելի է առանձնացնել նաև «Նորավանքի» պաշտպան Արման Մկրտչյանի և հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի տրանսֆերները։ Երևանյան ակումբի արտասահմանցի համալրումներից է Շվեյցարիայի պատանեկան հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատին, որին միայն գործի մեջ տեսնելուց հետո կարող ենք հստակ պատկերացում կազմել՝ ինչի է ընդունակ։
Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատի» մրցակիցն է մակեդոնական «Շկենդիան», որը նույնպես ամենաբարդ մրցակիցը չէ։
Հուսանք, որ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ ակումբը կհասցնի բավարար մարզավիճակ ձեռք բերել և կրկնել նախորդ տարվա հիանալի արդյունքերը։ Ինչպես բոլոր մրցաշրջաններից առաջ, հայ ֆուտբոլասերը միշտ դրական է տրամադրվում։ Երբ միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայկական որևէ ակումբ, բոլորը մեկ մարդու պես դառնում են այդ ակումբի երկրպագու։ Հուսանք՝ այս տարի հայկական ակումբները է՛լ ավելի բարձր նշաձող կսահմանեն, և նրանցից գոնե երկուսին կտեսնենք Եվրագավաթներից որևէ մեկի խմբային փուլում։
Սուրեն Մելիքսեթյան