Ամառը ֆուտբոլային է լինելու «Արմենիայի» հեռուստադիտողների համար։ ԵՎՐՈ-2020-ը մարզական այն միջոցառումներից մեկն էր, որի անցկացումը անցած տարի հնարավոր չեղավ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս տարի ԵՎՐՈ-ն կայանալու է ու հայկական հեռուստաալիքներից այն հեռարձակելու իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը։
Եվրոպայի առաջնության հեռարձակումների, եթերում ֆուտբոլային տրամադրության ապահովման և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների հեռարձակման մասին Armsport-ը զրուցել է «Արմենիա» հեռուստաընկերության մարզական բաժնի ղեկավար, մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ։
— Էդուա՛րդ, անցած տարի «Արմենիան» նախատեսում էր ամռան եթերը ֆուտբոլային դարձնել։ ԵՎՐՈ-ի հետաձգումից հետո՝ մեկ տարի անց, ինչ-որ բան փոխվե՞լ է, ի՞նչ հաճախականությամբ են ցուցադրվելու խաղերը։
— Ֆուտբոլային լինելու առումով ոչինչ չի փոխվել։ Այո՛, ամառը «Արմենիայի» եթերը նախատեսված է ֆուտբոլային դարձնել։ Ցուցադրվելու են ԵՎՐՈ-ի բոլոր 51 հանդիպումները։ Բոլոր հանդիպումները ցուցադրվելու են «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ զուգահեռ «Արմենիա Պրեմիումով»: Միայն այն ժամանակ, երբ 2 խաղ նույն ժամին կլինի, խաղերից մեկը կհեռարձակվի «Արմենիայով», մեկը «Արմենիա Պրեմիումով»։
Բացի խաղերից ծրագիրը շատ լայն է։ Մենք արդեն սկսել ենք ԵՎՐՈ-ի օրագրերի ցուցադրությունը։ 12 օրագիր ունենք, որտեղ պատմում են հավաքականների մասին, ներկայացնում են հետաքրքիր փաստեր տարբեր ֆուտբոլիստների մասին։ Օրագրերից մեկն արդեն եթեր է գնացել։
Այնպես որ մինչև Եվրոյի մեկնարկը այդ 12 օրագրերը, այսպես ասած, կտաքացնեն երկրպագուներին, կպատրաստեն, որոշակի ինֆորմացիա կտան։ Իսկ եվրոյի ընթացքում խաղերից բացի բազմաթիվ ուղիղ եթերներ ենք ունենալու։ Մասնավորապես նախատեսում ենք ամեն խաղային օր` հանդիպումների մեկնարկից առաջ, ուղիղ եթերով խոսել օրվա սպասվող հանդիպումների մասին , իսկ խաղերի ավարտից հետո` գիշերը կլինի ևս մեկ հաղորդում ուղիղ եթերում, որտեղ կցուցադրվեն օրվա խաղերում խփված գոլերը, և հյուրերի հետ կքննարկենք, թե ինչ եղավ այդ օրը։ Այս պահին ունենք նախատեսած այսքանը։ Ընթացքում գուցե փոխվեն որոշ բաներ։
— Շուտով սկվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ Ինչպե՞ս է կազմակերպվելու փլեյ-օֆֆ փուլի հեռարձակումը։
-Չեմպիոնների լիգայում ոչինչ չի փոխվել։ 1/8-րդ եզրափակիչից սկսած բոլոր հանդիպումները ցուցադրելու ենք։ Արդեն երկրորդ կամ երրորդ մրցաշրջանն է, որ ՈՒԵՖԱ-ն փլեյ-օֆֆ փուլը դասավորում է այնպես, որ բոլոր խաղերը ցուցադրելու հնարավորություն լինի։ Գիտեք՝ մեկ փուլի խաղերը երկու շաբաթ են ձգվում։ Դրա համար օրական երկու խաղ կլինի եթերում՝ մեկը «Արմենիայով», մեկը «Արմենիա Պրեմիումով»։ Ստացվում է, որ փլեյ-օֆֆ փուլի բոլոր խաղերը, սկսած 1/8-րդ եզրափակիչից, մենք կցուցադրենք։
— Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան կլինի՞ «Արմենիայի» եթերում։
— Այս պահին չեմ կարող ասել, որովհետև դեռ բանակցություններ են ընթանում։ Կպահպանի՞ «Արմենիա» հեռուստատեսությունը Չեմպիոնների լիգան հեռարձակելու իրավունքը, թե ոչ, հիմա հնարավոր չէ ասել։
Արամ Սահակյան