Սաուդյան «Ալ Նասրը», որի կազմում հանդես է գալիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, շարունակում է թիմն ուժեղացնելու տարբերակներ փնտրել։ Այս պահին ակումբն առաջնահերթ տարբերակ է համարում «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի օրերին «Ալ Նասրը» ակտիվորեն բանակցում է «Ինտերի» հետ։ Այս պահին վերջնական պայմանների շուրջ լիարժեք համաձայնություն չկա, կողմերը դեռ պետք է քննարկեն հնարավոր տրանսֆերի որոշ առանցքային մանրամասներ։
Հաղորդվում է, որ ակումբների միջև բանակցությունները կշարունակվեն մոտ ժամանակներս։ Բրոզովիչը պատրաստ է տեղափոխվել «Ալ-Նասր»:
Խորվաթ կիսապաշտպանը Ինտերում է հանդես գալիս 2015 թվականից։ 2022/2023 մրցաշրջանում Բրոզովիչը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։