Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսել է մրցաշարի, մասնակիցների և սպասելիքների մասին.
«Երևան օփենի» կարևորության մասին
«Հայաստանն այն 4 երկրներից է աշխարհում, որ կարողացել է 3 կամ ավելի անգամ դառնալ շախմատային Օլիմպիադայի չեմպիոն: Մեր տիտղոսները շատ ավելի շատ են և լինելով այդպիսի շախմատային երկիր՝ մենք պետք է նաև այսպիսի մրցաշարեր կազմակերպենք, որպեսզի մեր պատանիները, երիտասարդները անգամ գրոսմայստերները շատ խաղալու հնարավորություն ունենան: Մեկ բան է գնալ դրսում խաղալ, այլ բան է խաղալ տանը՝ սեփական պատերի ներքո: Այսպիսի մրցաշարերում կուժեղանան մեր երիտասարդները, որոնք շատ մոտ ապագայում համալրելու են Հայաստանի հավաքականը և դեռ շատ են ուրախացնելու մեզ իրենց հաղթանակներով»:
«Երևան օփենի» մասնակիցների մասին
«22 գրոսմայստեր, բազմաթիվ միջազգային վարպետներ … շատ լավ կլինի, որ մեր պատանիները կարողանան լրացնել նորմաներ: Անկասկած, դժվար է լինելու: Վստահ եմ՝ շատ գեղեցիկ պարտիաներ են լինելու: Շախմատի սիրահարներին խորհուրդ կտամ անպայման հետևել «Երևան օփենին» և աջակցել մեր ներկայացուցիչներին: Սա լուրջ և կարևոր մրցաշար է: Վստահ եմ՝ մրցակցությունը բարդ կլինի»:
Հիշեցնենք՝ «Երևան օփենին» այս տարի մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ: