Վանաձորի Լոռի ֆուտբոլային ակումբի հիմնադիր-նախագահ Թովմաս Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է Լոռիի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ընթացքում Թովմաս Գրիգորյանը նախ խոսել է ակադեմիայի մարզչական կազմի հետ, որոշակի անդրադարձ է կատարվել մանկապատանեկան առաջնություններին, խոսվել առաջնությունն արդեն ավարտած թիմերի արդյունքների մասին, քննարկվել են առաջնությունը շարունակող մյուս թիմերի հեռանկարները։
Լոռի ՖԱ-ի հիմնադիր-նախագահը հատուկ ընդգծել է, որ հաջորդ մրցաշրջանում պետք է զգալի բարելավել ակադեմիայի մանկապատանեկան թիմերի ելույթների որակը։ Թովմաս Գրիգորյանը նշել է, որ ակադեմիայի թիմերը կստանան անհրաժեշտ մարզական նոր հանդերձանքն ու գույքը։ Բացի այդ, խոսվեց է նաև ակադեմիայի մարզչական կազմի շարունակական զարգացման մասին։ Ըստ Թովմաս Գրիգորյանի, պետք է հատուկ ուշադրություն դարձնել մանկապատանեկան թիմերի հետ աշխատող մարզիչների որակական աճին։ Նպատակն իրագործելու համար նշվել են նաև լուծումները։
Վանաձորի ակադեմիայի մարզիչները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Թովմաս Գրիգորյանին:
Նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆուտբոլի ակադեմիային, ինչպես նաև հավատարիմ մնալով պատանի ֆուտբոլիստների զարգացմանը նպաստելու, հայ ֆուտբոլիստներին հնարավորություն տալու և նրանց վրա շեշտը դնելու քաղաքականությանը՝ Թովմաս Գրիգորյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։